Տնտեսություն

Երևանում են աշխարհի հեղինակավոր գինեգործներ և փորձագետներ․ մեկնարկել է 8-րդ «Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողով»-ը

6 րոպեի ընթերցում

Երևանում են աշխարհի հեղինակավոր գինեգործներ և փորձագետներ․ մեկնարկել է 8-րդ «Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողով»-ը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է ՄԱԿ Զբոսաշրջության (UN Tourism) հեղինակավոր 8-րդ «Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողով»-ը:  

Այն Հայաստանում է համախմբել ամբողջ աշխարհի հեղինակավոր գինեգործների, փորձագետների, գինու տուրիզմի մասնագետների և գինու սիրահարների՝ հնարավորություն տալով ծանոթանալու հայկական գինիներին և գինու զբոսաշրջային հնարավորություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցում է ավելի քան 20 երկրի 120 ներկայացուցիչ:

Հայ գինեգործները համաժողովի  երեք օրվա ընթացքում հնարավորություն ունեն   ներկայացնել գինեգործական ժառանգությունը և կիսվել փորձով։ Համաժողովի ընթացքում ներկաներին բացառիկ հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել աշխարհի հնագույն գինեգործարանը՝ Արենի-1 քարանձավը, որը մինչ օրս բացահայտված գինու գործարաններից ամենահինն է՝ 6100 տարեկան։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կարևորելով նման միջոցառումների դերը երկրի տնտեսության զարգացման գործում, նշեց, որ սա Հայաստանի համար պատմական առիթ և հնարավորություն է մի կողմից ներկայացնել հայկական զբոսաշրջային բոլոր հնարավորությունները, մյուս կողմից՝ մեր գինու հնարավորությունները:

«Բոլոր մասնագետներն  արձանագրում են, որ հայկական գինու որակը և հայտնիությունն իրար համապատասխան չեն, այսինքն՝ մեր գինին շատ ավելի որակով է, քան աշխարհում հայտնի է: Եվ մենք այժմ պետք է մեր ուշադրությունը սևեռենք հայկական գինու հանրահռչակման ուղղությամբ և համաշխարհային շուկայում ներկայացնենք և ծանոթացնենք մեր գինիների համային և որակական հատկանիշները: Այն  մասնագետներն, ովքեր ծանոթանում են մեր գինու որակին և համային հատկանիշներին և առանձնահատկություններին, նշում են, որ իրենց համար սա նորություն է»,-նշեց նախարարը:

Սա նշանակում է, որ Հայաստանը մի կողմից ունի շատ մեծ և՛ արտադրական, և՛ զբոսաշրջային հնարավորություններ, իսկ մյուս կողմից դեռ շատ անելիք կա, որն, ըստ նախարարի՝ մեկ կամ երկու տարվա անելիք չէ, այլ տարիների շարունակական աշխատանք է պահանջում: 

«Այս առումով համաժողովը պատմական հնարավորություն է, և իրապես պետք է շնորհակալություն հայտնեմ բոլորին, ովքեր կազմակերպեցին այն Հայաստանում, քանի որ շատ մեծ մրցակցություն է եղել և համաշխարհային շատ խոշոր գինի արտադրող երկրներ ևս ցանկություն են ունեցել այս համաժողովն իրենց մոտ անցկացնելու: 

Տնտեսության դիվերսիֆիկացիան առաջին հերթին քո արտահանվող ապրանքները տարբեր շուկաներին ծանոթ և հասանելի դարձնելն է, և միջազգային 8-րդ համաժողովը հենց այդպիսի մեծ հնարավորություն է»,-ընդգծեց  Գևորգ Պապոյանը: 

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց՝ այս համաժողովը լավագույն հարթակն է կապերի ստեղծման համար: 

«Մենք հրավիրել ենք ավելի քան 70 միջազգային փորձագետի, որոնք հետագայում մեզ կարող են օգնել և՛ խորհրդատվությամբ, և՛ համատեղ գործունեությամբ: Վերջին տարիներին մեզ համար թիրախային շուկաներում ներկայանալն էլ ավելի հեշտ է դարձել, քանի որ մեր միջազգային գործընկերները մեզ օգնում են ավելի ճիշտ ներկայանալ»,-ասաց Զարուհի Մուրադյանը:

Խաղողի և գինու միջազգային կազմակերպության արտաքին հարաբերությունների գծով տնօրեն Սոֆի Փալասը, ողջունելով բոլորին, ընդգծեց՝ իր համար մեծ պատիվ է մասնակցել այս միջոցառմանը, որը նվիրված է գինեգործության զարգացմանը, որը ստեղծում և ամրապնդում է կապեր՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և մյուս կազմակերպությունների միջև:

«Հատկապես հաճելի է լինել այստեղ, քանի որ Հայաստանը հինավուրց գինի արտադրող երկրներից մեկն է աշխարհում և հազարամյակների պատմություն ունի, և որպես հետևանք Հայաստանն այսօր ունի խաղողի տեսակների և գինիների բազմազանություն, որը կարողացել է պահպանել: Գինու տուրիզմը հսկայական հնարավորություններով դինամիկ զարգացող ոլորտ է, և մեր կազմակերպությունները պարտավորված են օժանդակել ոլորտի զարգացմանը, որը հստակորեն արտացոլված է նաև մեր ռազմավարության մեջ»,-նշեց նա:

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ տարեցտարի այս համաժողովը դառնում է ավելի հետաքրքիր և բազմազան:

Պոլոլիկաշվիլին խոստովանեց, որ ութ տարի առաջ, երբ նախաձեռնում էին այս համաժողովը, չգիտեր հայկական գինիների մասին, սակայն անձամբ համտեսելով դրանք՝ համոզվել է դրանց որակի մեջ։ 

Զուրաբ Պոլոլիկաշվիլին ընդգծեց, որ տարածաշրջանում գինու զբոսաշրջության տեսակետից առավել հայտնի դարձնելու նպատակով Հայաստանն ու Վրաստանը կարող են համատեղ զարգացնել գինու ճանապարհները և ներգրավել օտարերկրյա զբոսաշրջիկներին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում