Մարզեր

Գավառում կայացավ Բյուրեղիկ Մնեյանի «Տարիներ» գրքի շնորհանդեսը

5 րոպեի ընթերցում

Գավառում կայացավ Բյուրեղիկ Մնեյանի «Տարիներ» գրքի շնորհանդեսը

ԳԱՎԱՌ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի  մարզային գրադարանի տնօրինության նախաձեռնությամբ  Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական  թատրոնի դահլիճում կազմակերպվեց  և անցկացվեց մշակույթի վաստակավոր գործիչ Բյուրեղիկ Մնեյանի «Տարիներ» գրքի շնորհանդեսը։ 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ շնորհանդեսին ներկա էին մտավորականներ, Գավառի կրթամշակութային կառույցների ներկայացուցիչներ, հեղինակի գործընկերներ, դասընկերներ և մտերիմներ, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչներ։ 

Բացման ու ողջույնի խոսքով  հանդես  եկավ Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, ապա շնորհանդեսի մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց Բյուրեղիկ Մնեյանի մասին պատմող տեսաֆիլմը, որը պատրաստվել էր «Քյավառ» հեռուստաընկերության կողմից՝ մարզային գրադարանի տնօրինության պատվերով։ 

Շնորհանդեսի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալու Բյուրեղիկ Մնեյանի նոր գրքին, ինչպես նաև լսելու հենց հեղինակից, թե ինչպես են ծնվել գրքում տեղ գտած հուշագրությունները, ինչ հուզմունքներ ու ապրումներ են դրված յուրաքանչյուր տողի մեջ։ 

Գավառ խոշորացված համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, բարձր գնահատելով վաստակավոր արտիստուհու երկարամյա մասնագիտական գործունեությունը, անձնվեր և արդյունավետ աշխատանքը, նրան պարգևատրեց «Գավառ համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալ»-ով։

Հայաստանի մշակույթի գործիչների միության փոխնախագահ Գագիկ Անտոնյանը (Հառիճեցին) Բյուրեղիկ Մնեյանին շնորհեց պատվոգիր, իսկ Արգամ Ափրիկյանը՝ Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի ղեկավարի տեղակալը, ղեկավար Մուշեղ Մխիթարյանի կողմից Բյուրեղիկ Մնեյանին շնորհեց "За вклад в литературу" պատվո շքանշանը։ 

Բյուրեղիկ Մնեյանին  գնահատանքի խոսքեր ասացին նաև դրամատուրգ, դերասան, «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի հիմնադիրներից Գարիկ Ղազարյանը, Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի, գրող, բանաստեղծ, բազմաթիվ  երգերի տեքստերի հեղինակ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանը, «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ, արձակագիր Տիգրան Նիկողսյանը, Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, պարուսույց Հովհաննես Հասասյանը։ 

Շնորհանդեսը վարեց Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Սուսաննա Սարգսյանը։ 

Միջոցառումն ուղեկցվեց « Golden dance» պարային համույթի գեղեցիկ կատարումներով։

Բյուրեղիկ Մնեյանը ծնվել է 1935 թվականին, Վարդենիսում,  մանկավարժի ընտանիքում։1954 թվականին ընդունվել է Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն։ Դրան զուգահեռ ավարտել է Երևանի  Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական  ինստիտուտի Լեզվագրական ֆակուլտետի հեռակա բաժինը։

Թատրոնում աշխատանքային գործունեության 65 տարվա ընթացքում դերասանուհին խաղացել է 200-ից ավելի մեծ ու փոքր դերեր, արժանացել  բազմաթիվ պարգևների։ 

Խաղացել է հայտնի դերասաններ Դավիթ Մալյանի, Ավետ Ավետիսյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Կարպ Խաչվանքյանի, Արմեն Խոստիկյանի և այլոց հետ։

1998 թվականին  Գավառի արվեստի դպրոցում հիմնել է թատերական խմբակ, որը նրա անունով կոչվել է «Բյուրեղիկ»։ Վերջինս պարբերաբար մասնակցել է փառատոների, արժանացել տարբեր մրցանակների ու պատվոգրերի։

2018 թվականի լույս է տեսել Բյուրեղիկ Մնեյանի «Կյանքի ուղիներում», իսկ 2021 թվականին՝ «Պիեսներ մանուկների համար» գրքերը։

Անդամակցում է Կալիֆոռնիայի հայ գրողների միությանը, Հյուսիսային Ամերիկայի գրողների միությանը, Մշակույթի գործիչների միությանը, Հայ դրամատուրգների միությանը։

Արժանացել է «Տիր գրչության հովանավոր» պատվո շքանշանի, «Բեմարվեստի երախտավոր» մեդալի, «Մշակույթի վաստակավոր գործիչ» շքանշանի, 75-ամյակի առթիվ՝ ԿԳՄՍ  նախարարության ոսկե մեդալի, «Սոսե մայրիկ» մեդալի։

Ունի 2 զավակ, 7 թոռ և 9 ծոռ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում