Հայաստան

Երևանում ջրամատակարարման ցանցի վերակառուցման մեծածավալ աշխատանքներ են իրականացվում

6 րոպեի ընթերցում

Երևանում ջրամատակարարման ցանցի վերակառուցման մեծածավալ աշխատանքներ են իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի մի շարք թաղամասերում հատվածաբար իրականացվում են հին ջրագծերի փոխարինման աշխատանքներ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը սեպտեմբերի 12-ին շրջայցով հետևեց քաղաքապետարանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի պատվիրմամբ իրականացվող ջրագծերի փոխարինման աշխատանքների ընթացքին։ 

«Այս տարի ամենամեծ ծրագիրն է իրականացվում մայրաքաղաքում ջրամատակարարման և կոյուղաջրերի հեռացման առումով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, իրականացվում են ջրամատակարարման ցանցի ամբողջովին նորացման, տնային միացումների, ջրաչափական հանգույցների տեղադրման աշխատանքներ Նոր խարբերդ, Հաղթանակ և Սիլիկյան թաղամասերում։ Ընդհանուր առմամբ 133 կիլոմետրից 33-ը բաժին է ընկնում հիմնականում տնային միացումներին, մնացածը բաշխիչ ցանցի արդիականացմանը։ Նոր ցանցի կառուցման արդյունքը լինելու է նորմալ ջրամատակարարումը, կանոնավոր ջրաչափումը և ամենակարևորը՝ վերացվում են ջրային կորուստները։ Հսկայական կորուստներ ունենք այս թաղամասերում։ Միևնույն ժամանակ՝ կորուստների պատճառով անբավարար է ջրամատակարարումը»,-մանրամասնեց փոխքաղաքապետը։ 

Ըստ նրա՝ չնայած Նոր Խարբերդում վերակառուցվում ջրագծին, կոյուղու բացակայության պատճառով թաղամասը կշարունակի խնդրահարույց մնալ։ Արեյանի հավաստմամբ՝ հաջորդ ծրագրով կդիտարկվի նաև կյուղու ցանցի անցկացումը։

Բացի այդ, ըստ փոխքաղաքապետի, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն Նորք Մարաշում,Սարի թաղում և Արաբկիրում իրականացնում է 60 կիլոմետր վերակառուցում, որից մոտ 3,7 կիլոմետրը կոյուղատարի, իսկ 56 կմ-ը՝ նոր ջրամատակարարման ցանցի։ 

Կոյուղու և ջրագծերի փոխարինումը ընդգրկում է մոտ 2100 բաժանորդի։ Արդյունքում կբացառվեն ջրի կորուստները, կապահովվի բնականոն ջրամատակարարումը և կիրականացվեն տնային միացումներ՝ ջրաչափական հանգույցների տեղադրմամբ։ «Ընդհանուր առմամբ ամբողջ մայրաքաղաքում ՏԿԵՆ-ի, քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրի ամենամեծ ծավալն է ընտրել քաղաքապետարանը՝ 1.7 միլիարդ դրամի չափով։ Ընդհանուր առմամբ 235 կիլոմետրից 222-ը բաժին է ընկնում ջրամատակարարման ցանցին, մնացածը՝ կոյուղատար»,-հայտնեց Արեյանը։

Նա հսկայածավալ գնահատեց մայրաքաղաքում ջրամատակարարման խնդրի լուծման հարցում ցուցաբերված պետական աջակցությունը՝ ի դեմս ՏԿԵՆ-ի։

Արեյանը հավելեց, որ Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող աշխատանքները կավարտվեն 2025 թվականի հուլիսին, քաղաքապետարանինը՝ ամբողջությամբ կիրականացվի այս տարեվերջին։  

«Սրանով խնդիրներն իհարկե չեն լուծվում ամբողջությամբ։ Վստահ եմ այս ծրագիրը շարունակական բնույթ կկրի հիմա քաղաքապետի նախաձեռնությամբ որոշակի առաջարկություններ են ներկայացվել կառավարություն՝ պայմանագրային փոխհարաբերությունները վերանայելու և ներդումային ծավալները մեծացնելու համար։ Համակարգը կարիք ունի մեծ ներդրումների։ Եթե հաջորդ տարիներին պահպանվեն աշխատանքների նման ծավալները, վստահ եմ, խնդիրն ավելի արագ կլուծվի մայրաքաղաքում»,-համոզմունք հայտնեց փոխքաղաքապետը։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանի խոսքով՝ Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 29 միլիոն ԱՄՆ դոլար է։

«Ծրագրով հիմնականում նախատեսվում է Երևանի սեփական տներով կառուցված թաղամասերում իրականացնել ջրամատակարարման համակարգի բաշխիչ ցանցերի վերականգնման աշխատանքները, ինչպես նաև կփոխարինվեն տնային միացումները։ Իրականացվում են այդ թաղամասերում բազմաբնակարան շենքերի պոմպակայանների վերանորոգում, ինչպես նաև շենքերի մուտքագծերի վերականգնում։ Արդեն իսկ աշխատանքներն ավարտվել են Կենտրոն, Նորք Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք, էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում։ Ընթացքի մեջ են և գալիք տարեսկզբին կավարտվեն Շենգավիթի Նոր Խարբերդ թաղամասում ի ջրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքները»,-ներկայացրեց Խաչատրյանը՝ հավելելով, որ Երևանի Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերում էլ իրականացվում է ջրամատակարարման բաշխիչ ցանցի վերականգնումը, ավարտվել է՝ Փիրումյան թաղամասինը։

«Վեոլիա ջուր» ՓԲԸ «Երևան» շահագործման տնօրինության համակարգող, ավագ ինժեներ Նարեկ Դիպլոշյանն էլ հայտնեց, որ ընկերության կողմից փոխարինվում են նաև Սարի թաղի, Նորք Մարաշի, Արաբկիրի մեկական հատվածների ջրագծերը։

«Շեշտը դնում ենք ամբողջական փոխարինման վրա, որպեսզի շինարարությունից հետո այլևս խնդիր, վթար, ջրի կորուստներ չունենանք։

Աշխատում ենք փոխարինել այն թաղամասերի ջրագծերը, որոնք ունեն առավել մեծ խնդիր՝ հիմնականում առանձնատների սեկտորում, որտեղ ջրի կորուստները բավականին մեծ են, քանի որ ջրամատակարարման ցանցը կառուցված է 1950-60-ական թվականներին։ Այստեղ շահագործումն է դժվար, ապօրինություններն են բավականին մեծաքանակ։ Փորձում ենք, ցուցակագրելով, առավել խնդրահարույց հատվածների խնդիրները լուծել»,-պարզաբանեց Դիպլոշյանը՝ ավելացնելով, որ Ջրամատակարարման ցանցի փոխարինման արդյունքում բավականաչափ ծավալի ջուր կտնտեսվի, որը  նախատեսում են ուղղել Երևանի մեկ այլ թաղամաս։

Ընկերության պատվերով իրականացվող աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա ապրիլի 15-ից, իսկ ավարտը նախատեսված է 2025 թվականի հուլիսին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում