Ինովացիա

Հանրային հեռուստաընկերությունը՝ պաշտոնապես WCIT 2024/DigiTec-ի ինֆորմացիոն հովանավոր

7 րոպեի ընթերցում

Հանրային հեռուստաընկերությունը՝ պաշտոնապես WCIT 2024/DigiTec-ի ինֆորմացիոն հովանավոր

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ 2024թ.-ի Նորարարության և Տեխնոլոգիաների Համաշխարհային Կոնգրեսի` WCIT2024/DigiTec-ի հանրայնացման և հեռարձակման նպատակով համագործակցելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին WCIT2024/DigiTec-ի, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, և Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, ստորագրելով հուշագիրը, հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ համատեղ խթանելու WCIT2024/DigiTec-ի միջազգային ճանաչելիությունը։

«Հանրային հեռուստաընկերությունը մշտապես խրախուսում է նորարարական գաղափարները և չափազանց կարևորում Հայաստանը տեխնոաշխարհում ճանաչելի դարձնելուն միտված միջոցառումների լուսաբանումը: Արդեն երկրորդ անգամ մեր երկրում անցկացվող WCIT համաժողովը կլինի Հանրային հեռուստաընկերության ուշադրության կենտրոնում, և մեր տարբեր ձևաչափեր կանդրադառնան այս նշանակալի իրադարձության առանցքային թեմաներին և հյուրերին»,- ասել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ 

Հուշագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք առանցքային թեմաներով մեդիա միջոցառումների լուսաբանում, հեռարձակում ու առանձին թեմաներով բացառիկ հարցազրույցների իրականացում կոնգրեսի բանախոսների և կազմակերպիչների հետ։ Այս համագործակցությունը մեծապես կխթանի տեխնոլոգիական համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի դիրքավորումը՝ որպես տեխնոլոգիական հաբ, կնպաստի գիտելիքի և փորձի փոխանակմանը՝ ի նպաստ երկրի առաջընթացի։

«Մեզ համար առանցքային նշանակություն ունի Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ գործակցությունը․ լայն մարզային սփռումն ու համաշխարհային տարածումը հնարավորություն կտան ոչ միայն հայախոս համայնքի շրջանում տարածելու այն կարևոր ու արժեքավոր տեղեկատվությունը, որ ներկայացվելու է WCIT համաժողովի ընթացքում՝ թե Հայաստանի արհեստական բանականության (ԱԲ) կիրառության ու ապագայի, թե հայկական ընկերությունների ձեռքբերումների տեսանկյունից համաժողովի մաս կազմող ԴիջիԹեքի շրջանակներում»,- ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով, իսկ ԴիջիԹեքը կծառայի որպես միջոցառման հիմնական ցուցահանդեսային հարթակ՝ հայաստանյան ընկերությունները ներկայացնելու և համագործակցություն հաստատելու համար։

WCIT2024/DigiTec-ը, անցկացման չորս օրերին Հայաստանը կվերածվի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: 

Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:

WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի`

  • ներկայացնելու հայաստանյան, և ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք ցուցահանդեսի շրջանակներում, որը հանդիսանալու է հիմնական ցուցահանդեսային հարթակը WCIT2024/DigiTec համար,
  • ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարությունների ու ԱԲ-ի վերջին և ապագա զարգացումների շուրջ,
  • Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում և դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար, 
  • խթանելու ներդրումները և ընդգծելու տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում և տնտեսություններում:

Համաժողովի օրակարգն ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին: 

WCIT/DigTec-ի մասին. Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա։

Կայքէջ՝ https://wcit2024-digitec.com 
Facebook՝ https://www.facebook.com/wcit2024.digitec 

ԱՏՁՄ-ի մասին․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտի ավելի քան 160 տեղական և միջազգային ընկերություններ։ ԱՏՁՄ-ն նվիրված է արդյունաբերության աճին թիրախային նախագծերի միջոցով. հիմնադրել համապարփակ տեխնոլոգիական կրթություն Հայաստանում («Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ), դյուրացնել մուտքը համաշխարհային շուկա և փորձի փոխանակում կազմակերպված պատվիրակությունների միջոցով։

Բացի այդ, ԱՏՁՄ-ն զգալի ազդեցություն ունի նաև իրավական դաշտի վրա՝ քաղաքականության մշակման և կառավարության հետ համագործակցության միջոցով՝ խթանելով մրցակցային, բայց համագործակցային բիզնես միջավայրը։ ԱՏՁՄ-ն հայտնի է խոշոր միջոցառումների կազմակերպմամբ, որոնք ընդգծում են հայկական տեխնոլոգիական առաջընթացը։ Հատկանշական է WCIT 2019-ի հյուրընկալումը, գալիք WCIT 2024-ը և ամենամյա DigiTec Expo-ն, որն անցկացվում է արդեն մոտ 20 տարի՝ ցուցադրելով նորարարություններն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային լսարանին։ Այս ջանքերի շնորհիվ ԱՏՁՄ-ն շարունակում է բարձրացնել Հայաստանի ներկայությունը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։

Պաշտոնական կայքէջ՝ https://www.uate.org/  

ԴիջիԹեք-ի մասին․ «ԴիջիԹեք Էքսպոն» տարածաշրջանի ամենալայնածավալ տեխնոլոգիական ամենամյա միջոցառումն է, որտեղ ավելի քան 100 թիմեր ներկայացնում են իրենց արտադրանքը, ծառայություններն ու ընկերությունները՝ հազարավոր B2B, կառավարական և B2C այցելուներին։

Facebook՝ https://www.facebook.com/digitec.armenia/  

Instagram՝  https://www.instagram.com/digitec.armenia/  

Youtube՝ https://www.youtube.com/@TheUATE/videos  

Կայքէջ՝ http://www.digitec.am 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում