Քաղաքականություն

Հայաստանի խորհրդարանը շատ ներկայացուցչական և ներառական է. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար

5 րոպեի ընթերցում

Հայաստանի խորհրդարանը շատ ներկայացուցչական և ներառական է. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը Հայաստանի խորհրդարանը լավ օրինակ է համարում՝ երիտասարդ պատգամավորների ներկայացվածության առումով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարտին Չունգոնգն այս մասին ասաց Երևանում անցկացված Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

Մարտին Չունգոնգը հայկական կողմի հյուրընկալությունը, համաժողովի կազմակերպչական մասը բարձր գնահատեց: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ դեռևս 3 տարի առաջ էին համաձայնության եկել՝ համաժողովը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ: 

Մարտին Չունգոնգը նկատեց՝ Հայաստանի ազգային ժողովն ամենաերիտասարդն է խորհրդարանականների առումով, այսինքն՝ երիտասարդ պատգամավորների համամասնությունը մեծ է:  «Սա նշանակում է, որ խորհրդարանն այս երկրում շատ ներկայացուցչական և ներառական է»,–ասաց Չունգոնգը՝ նկատելով, որ երիտասարդները համարժեքորեն ներկայացված են օրենսդիր մարմնում: 

Իսկ, երբ խորհրդարանը ներկայացուցչական է, նշանակում է, որ կարող է որոշումներ ընդունել, քաղաքականություններ մշակել՝ հասարակության կարիքներին համապատասխան: 

Գլխավոր քարտուղարը նշեց, որ միջխորհրդարանական միությունը տարիներ շարունակում աշխատում է խորհրդարաններում երիտասարդների մեծ ներկայացվածությունն ապահովելու ուղղությամբ՝ հիշեցնելով «Ես ասում եմ, այո՛, խորհրդարաններում երիտասարդների մասնակցությանը» արշավի մասին: Նա այս առումով Հայաստանը լավ օրինակ համարեց:

Ըստ նրա՝ փաստը, որ Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովն անցկացվում է Երևանում, արդեն մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար: «Այս համաժողովը հնարավորություն է Հայաստանի համար՝ իր լավ փորձով կիսվելու աշխարհի տարբեր խորհրդարանների հետ, նաև հնարավորություն է՝ սովորելու մյուսների փորձից»,–ասաց Չունգոնգը:

Համաժողովը նվիրված է երիտասարդության կրթության և զբաղվածության վերաբերյալ հարցերին: Ըստ նրա՝ համաժողովի շրջանակում քննարկումների արդյունքում կկայացվեն որոշումներ, որոնք կարող են ազդել երիտասարդների կյանքի որակի վրա:

Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր,  Միջխորհրդարանական միության  անդամ Հասմիկ Հակոբյանը նշեց, որ համաժողովն արդյունքներ է տալու մասնակից բոլոր երկրների խորհրդարանականների համար: Ներկայացված են պատվիրակություններ շուրջ 60 երկրից, մասնակցում է 317 մարդ: 

«Սա հնարավորություն է տալիս ավելի լայն կազմով շփվելու մեր միջազգային գործընկերների հետ: Համաժողովին ներգրավված են ոչ միայն Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ, այլ նաև ներկայացուցիչներ՝ կառավարությունից, քաղհասարակությունից, թեմայով հետաքրքրված ակտիվ շրջանակներից»,–ասաց նա:

Անդրադառնալով քաղաքականությունների մշակման գործընթացում երիտասարդների ներգրավվածությանը՝ պատգամավորը նկատեց. «Հեղափոխությունից հետո մեր իշխանությանը հիմնականում մեղադրել են ավելի երիտասարդ լինելու մեջ, բայց ես սա առավելություն եմ դիտարկում: Երիտասարդ լինելը մեծ առավելություն է: Հեղափոխությունից հետո թե ՛ խորհրդարանում, թե ՛ կառավարությունում երիտասարդների ավելի լայն ներգրավվածություն ունենք»:

Պատգամավորը համաժողովը նաև լավ հնարավորություն համարեց՝ խոսելու Հայաստանում առկա խնդիրների մասին: Հակոբյանը համաժողովի շրջանակում բարձրաձայնելու է ԼՂ–ից բռնի տեղահանված երիտասարդների խախտված իրավունքների հարցը և տարվող աշխատանքները, լուծումները:

Համաժողովի մասնակից, Արաբական Միացյալ Էմիրությունների խորհրդարանի՝ Դաշնային ազգային խորհրդի անդամ Սառա Ֆալակնազը շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը և խորհրդարանին՝ ջերմ հյուրընկալության և այս կարևոր համաժողովը կազմակերպելու համար:

«Սա շատ կարևոր հարթակ է երիտասարդության համար՝ հավաքվելու և քննարկելու բոլոր ոլորտներից կարևոր թեմաներ, դրանց առնչությամբ գտնելու կայուն լուծումներ»,–ասաց Ֆալակնազը՝ կարևորելով որոշումների կայացման գործընթացում ներառականություն ապահովելը: 

Ըստ նրա՝ համաժողովը կխրախուսի երիտասարդներին՝ լինելու որոշումների կայացման, քաղաքականությունների մշակման մի մաս: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում