Մարզեր

Սևանում տրվել է «Էներգաարդյունավետության ծրագրի» մեկնարկը

3 րոպեի ընթերցում

Սևանում տրվել է «Էներգաարդյունավետության ծրագրի» մեկնարկը

ԳԱՎԱՌ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզում կյանքի  է կոչվել  էներգախնայողության հերթական ծրագրի առաջին փուլը, որն իրողություն է դարձել «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրի շնորհիվ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,   Սևան համայնքի կողմից ներկայացված նախնական հայտերից Էներգախնայողության աջակցման հիմնադրամն առաջին փուլով ընտրել է համայնքի 3 բնակավայրի մանկապարտեզ, որտեղ տեղադրվելու է մինչև 5ԿՎտ ժամ հզորության  ֆոտովոկտային կայան՝ հնարավոր ծախսաարդյունավետ էներգաարդյունավետության լուծումներով: 

«Ամիսներ առաջ Սևանի համայնքապետարանի և էներգախնայողության աջակցության հիմնադրամի միջև «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրի շրջանակներում կնքվել է համագործակցության հուշագիր, որին հաջորդել է Սևան համայնքի ավագանու համապատասխան որոշումը, համաձայն որի՝  Սևան համայնքի Լճաշեն, Ծովագյուղ  Վարսեր բնակավայրի մանկապարտեզների տանիքներին  5 ԿՎտ ժամ հզորության ֆոտովոլտային կայան տեղադրելու նպատակով յուրաքանչյուր ՀՈԱԿ-ի համար համայնքի կողմից կատարվելու է 25 տոկոսի չափով համաֆինանսավորում:

Ծրագիրը ևս մեկ հնարավորություն է՝ համայնքապատկան շենքերի էներգաարդյունավետության ու էներգախնայողության ոլորտում էական առաջընթաց գրանցելու համար»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում իրականացվում է «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագիրը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից (GIZ) որպես «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի մաս:

Ծրագիրն իրականացվում է  ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ  համագործակցությամբ: 

Խոսրով Խլղաթյան

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում