Իրավունք

Հայաստանում հանցավորության մակարդակը նվազել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանում հանցավորության մակարդակը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում հանցավորության մակարդակը նվազել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ներկայացնելով ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տվյալները 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում։ 

«2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ունենք հանցագործության դեպքերի նվազում։ Առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է հանցագործության 18 հազար 818 դեպք, մինչդեռ 2023 թվականին նույն ժամանակահատվածում գրանցվել էր 19 հազար 891 դեպք։ 2023 թվականին առավելապես ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ էին արձանագրվել։ Պատկերը չի փոխվել այս կիսամյակի ընթացքում, 81,7 տոկոսը ոչ մեծ և միջին ծանրության դեպքեր են։ Եթե հանկարծամահությունները հանենք (խմբ․ հանկարծամահության դեպքերն արտացոլվում են հանցագործությունների վիճակագրության մեջ), 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ ծանր հանցագործությունների թիվը ևս նվազել են 8,2 տոկոսով, բայց 17,8 տոկոսով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը։ Մեզ համար մտահոգիչ է և վերլուծության առարկա կդառնա զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճը»,- ասաց Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ մինչև 2022 թվականը վիճակագրության վարման ձևաչափը տարբերվում է 2022 թվականից հետո վարման ձևաչափից, որովհետև փոխվել է Քրեական դատավարության օրենսգիրքը, և այս պահին գործող օրենսգրքով քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը բավականին ցածր են, ինչը նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր դեպքով նախաձեռնվում է քրեական վարույթ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում