Մշակույթ

Վիվալդիի «Տարվա եղանակներ» ստեղծագործությունը երևանյան հանդիսատեսին ներկայացվեց նոր լուծումներով

3 րոպեի ընթերցում

Վիվալդիի «Տարվա եղանակներ» ստեղծագործությունը երևանյան հանդիսատեսին  ներկայացվեց նոր լուծումներով

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դասական ու ժամանակակից երաժշտության համադրումը՝ նորարարական լուծումներով․ երևանյան հանդիսատեսը Վիվալդիի գլուխգործոց «Տարվա եղանակներ» ստեղծագործությունը  վայելեց օրիգինալ լարային կազմով, նորարարական լուծումներով ու  DJ ռեմիքսով։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Vivaldi DJ» խորագրով համերգը բացառիկ է, քանի որ հեղինակներն օգտվել են Վիվալդիի «Տարվա եղանակների» օրիգինալ պարտիտուրայից և տոնայնության հետ կապված առհասարակ ոչ մի փոփոխություն չի կատարվել։

Երաժշտական հետաքրքիր համադրությունը՝ լուսային և գունային էֆեկտների կիրառմամբ, հանդիսատեսին պարգևեց վառ ու հիշարժան զգացողություններ։ Այս համադրությունը մեկ դահլիճում էր  համախմբել տարբեր սերունդների և նախասիրությունների մարդկանց։

«Նյու Ջեներեյշն» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Նարեկ Գասպարյանը նշել է՝  նախագծի նպատակը դասական ու սիրված ստեղծագործության միախառնումն է գերժամանակակից տեխնոլոգիաների հետ: Նա ընդգծել է՝ այս նոր մոտեցումը կսիրվի ինչպես արդեն փորձառու մասնագետների, այնպես էլ դասական արվեստին ոչ այդքան մոտ հանդիսատեսի կողմից։  

«Նյու Ջեներեյշն Փրոջեքթ»-ի գործադիր տնօրեն Շմավոն Գրիգորյանը նշել է, որ այս  մտահղացումը իրենց  թիմի մոտ առաջացել էր դեռ նախորդ տարվանից։  

«Մենք միշտ փորձում ենք կյանքի կոչել տարբերվող և ինքնատիպ նախագծեր։ Ու այս նախագիծը ևս տեսակով բացառիկ է, քանի որ թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում սա լինելու է առաջին անգամ: Մեզ հաջողվել է համախմբել տաղանդավոր ստեղծագործողների և արդյունքը միանշանակ գոհացնելու է մեր հանդիսատեսին։ Եվ սա ևս մեկ առիթ է երիտասարդներին ավելի մոտեցնելու դասական արվեստին։ Ու նաև կուզենամ նշել, որ արդեն իսկ տարվում են բանակցություններ Vivaldi DJ նախագիծը մի շարք երկրներում ներկայացնելու շուրջ»,- ասել է Գրիգորյանը։

Beatbox հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանն (DJ BeatMan) էլ ընդգծել է՝ Vivaldi DJ նախագիծը աննախադեպ է, այն երաժշտական աշխարհի տարբեր բևեռների համադրություն է։ Երաժիշտը նշել է, որ իր համար իսկապես մեծ պատասխանատվություն է եղել Անտոնիո Վիվալդիի նման մեծության երաժշտությունը մշակել ժամանակակից երաժշտական տենդենցներին համապատասխան՝ իհարկե, պահպանելով մեղեդին սկզբնական տեսքով: Ըստ նրա՝ ամբողջ թիմին հաջողվել է կատարել պատշաճ աշխատանք և՛ դասական արվեստի, և՛ նորարարական լուծումների կիրառման տեսանկյունից։ 

Նախագիծն ունի շարունակական բնույթ, առաջիկայում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում նախատեսվում են VIVALDI DJ, Aram Khachaturian DJ, Arno Babajayan DJ, Mozart DJ և այլ նախագծեր: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում