Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի նախագծի վերջին խմբագրության մեջ ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են. ԱԳ նախարար

5 րոպեի ընթերցում

Խաղաղության պայմանագրի նախագծի վերջին խմբագրության մեջ ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանին փոխանցված խաղաղության պայմանագրի վերջին՝ 10-րդ խմբագրությունը ներառում է համաձայնեցված տեքստը, որում ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Արարատ Միրզոյանը ասուլիսի մեկնարկին ողջունեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելին՝ նշելով, որ իր և վերջինիս շփումները կրում են հաճախակի բնույթ, որոնց ընթացքում քննարկվում են ինչպես երկկողմ հարաբերությունների, Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։

Միրզոյանը գոհունակություն հայտնեց նաև այն առումով, որ Քսավյե Բետելի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Երևանյան երկխոսություն» խորագիրը կրող միջոցառմանը՝ վստահություն հայտնելով, որ այդ մասնակցությունը կլինի շատ արժեքավոր։

«Ձեր այցը լավ հնարավորություն է՝ խոսելու նաև մյուս հարցերի վերաբերյալ։ Նախ, փետրվարին, եթե հիշում եք, ես այց ունեցա Լյուքսեմբուրգ, և այնտեղ մենք բացեցինք մեր դիվանագիտական գրասենյակը։ Սա շատ շոշափելի և կոնկրետ ապացույցն է այն բանի, թե ինչպես ենք մենք տրամադրված Լյուքսեմբուրգի և մեր ու վերջինիս հետ ունեցած հարաբերությունների նկատմամբ»,-իր խոսքում նշեց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ երկու կողմերը շատ լավ հիմքեր են ձևավորել ոլորտային համագործակցության համար՝ տնտեսության, կրթության ոլորտներում, որոնք այս պահին մի փոքր հետ են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակից։

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ երկու երկրի միջև համագործակցությունը չի սահմանափակվում միայն երկկողմ ձևաչափով, այլ ընդգրկում է համագործակցությունը նաև միջազգային տարբեր հարթակներում, որտեղ կողմերն աջակցում են միմյանց նախաձեռնություններին։

«Հանդիպման ընթացքում կարևորել ենք նաև մեր համագործակցությունը բազմակողմ հարթակներում։ Իհարկե, մեր օրակարգի կարևոր մաս է ՀՀ-ԵՄ համագործակցությունը, և մենք հենց այսօր ունենք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման արդեն պաշտոնական մեկնարկ, մենք ունենք այս մասին դրական ուղերձ ԵՄ-ից, մենք ունենք խաղաղության աջակցության գործիքի ներքո ԵՄ աջակցության մասին որոշումը, մենք մեր սահմանին ունենք ԵՄ դիտորդական առաքելությունը և պետք է ևս մեկ անգամ փաստենք, որ իր տեղակայման վայրից այս գործիքը բավականին արդյունավետ է եղել՝ իրավիճակը մոնիտորինգ անելու, մշտադիտարկելու և, ըստ էության, որոշակի կայունություն ապահովելու գործում»,-շեշտեց նախարարը՝ հավելելով, որ սրանք մի քանիսն են այն գործիքներից, որոնք ՀՀ-ն այսօր ունի ԵՄ-ի հետ։

Միրզոյանը հավելեց, որ Հայաստանն ու ԵՄ-ը հիմա աշխատում են նոր գործընկերության օրակարգի ձևավորման ուղղությամբ։ Նախարարը շնորհակալություն հայտնեց Քսավյե Բետելին այս ամբողջ ընթացքում Լյուքսեմբուրգի հստակ ու աներկբա աջակցությունն ունենալու համար։

Արարատ Միրզոյանը հայտնեց, որ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հարավային Կովկասին վերաբերող հարցեր՝ ընդգծելով, որ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելին տեղեկացրել է, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի արդեն 10-րդ խմբագրությունը։

«Արդեն գաղտնիք չէ, որ այս խմբագրությունը, մեծ հաշվով, ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը։ Դրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր։ Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,-ասաց Միրզոյանը՝ շեշտելով, որ Հայաստանը հավատացած է՝ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ Հարավային Կովկասում բացելով խաղաղության էջ։

ՀՀ ԱԳ նախարարն, անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և ենթակառուցվածքների թեմային, նշեց, որ Հայաստանի դիրքորոշումը հայտնի է, և Երևանը պատրաստ է օր առաջ սկսել ապաշրջափակման գործընթացը՝ բոլորին հայտնի «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգում ներկայացված սկզբունքների շրջանակներում։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում