Հայաստան

Podcast-Հարց բժշկին.շագանակագեղձի քաղցկեղը Հայաստանում մեծ տարածում ունի, սակայն դրա վաղ հայտնաբերումը օգնում է ապահովել դրական արդյունք

3 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին.շագանակագեղձի քաղցկեղը Հայաստանում մեծ տարածում ունի, սակայն դրա վաղ հայտնաբերումը օգնում է ապահովել դրական արդյունք

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է: Սա շագանակագեղձի քաղցկեղի, դրա ռիսկի գործոնների, պատճառների, ախտանիշների և կանխարգելման մեթոդների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և մարդկանց կրթելուն ուղղված քայլ է: Հայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում շագանակագեղձի և միզապարկի քաղցկեղը համարվում է ամենատարածվածը. տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք:

«Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան-ուրոլոգ Կարեն Ծառուկյանի հետ զրուցել ենք շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման կարևորության, բուժման տեսակների և մի շարք կարևոր հարցերի մասին:

Մասնագետը նշեց՝ օնկոուրոլոգիական խնդիրները գրեթե բոլոր տարիքային խմբերում էլ հանդիպում են, սակայն ավելի հաճախ՝ միջին և առավել բարձր տարիքի խմբերում: Ըստ նրա՝ այստեղ մեծ դեր ունի նաև ժառանգականության գործոնը:

Անդրադառնալով  վաղ ախտորոշման կարևորությանն ու առավելությանը՝ մասնագետը նշեց՝ ցանկացած խնդրի դեպքում կարևոր է վաղ ախտորոշումը, որը մի շարք դեպքերում թույլ է տալիս լիովին բուժել հիվանդությունը: Բժիշկ Ծառուկյանն ընդգծեց, որ կանխարգելելու համար շատ կարևոր է նաև, որ միջին և առավել բարձր տարիքի խմբերի քաղաքացիները  պարբերաբար հետազոտվեն՝ անկախ նրանից գանգատներ ունեն, թե չունեն։ 

Մասնագետը նշեց՝ բուժման մեթոդները հիմնականում բաժանվում են երեք խմբի. դրանք են՝ վիրահատական, ճառագայթային և, այսպես կոչված, քիմիոթերապևտիկ կամ դեղորայքային եղանակները: 

«Սկզբնական փուլերում մենք կարողանում ենք սահմանափակվել բուժման ընդամենը մեկ եղանակով: Ավելի ուշ շրջաններում շատ հաճախ արդեն անհրաժեշտություն է լինում բուժման համար կիրառել մի քանի եղանակներ միաժամանակ դրական արդյունք ապահովելու համար»,-ասաց նա:

Մասնագետն ընդգծեց, որ այսօր Հայաստանում, կարելի է ասել, գործում են բուժման բոլոր հասանելի մեթոդները:

«Կարելի է ասել, որ բուժման մեթոդները թե՛ Հայաստանում, թե՛ զարգացած պետություններում գրեթե նույնն են, մենք առաջնորդվում ենք Եվրոպական ուրոլոգների ասոցիացիայի համապատասխան ուղեցույցներով: Չկա որևէ  ախտորոշիչ հետազոտության մեթոդ, որով Հայաստանը զիջում է»,- նշեց մասնագետը:

Անդրադառնալով քաղցկեղի առաջացման պատճառներին՝ մասնագետը շեշտեց, որ քաղցկեղածին գործոնները բազմաթիվ են: Կան քաղցկեղածին նյութեր պարունակող բազմաթիվ սննդամթերքներ, որոնցից զերծ մնալու համար անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ և նախևառաջ հրաժարվել ծխելուց: 

Մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում