Իրավունք

Անձի առերևույթ առևանգման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. քրեական վարույթ է նախաձեռնվել

3 րոպեի ընթերցում

Անձի առերևույթ առևանգման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. քրեական վարույթ է նախաձեռնվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին, ժամը 14:58-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ, ապա նաև հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 12:00-ի սահմաններում երկու անձ Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 7/2 հասցեից մի կնոջ, առանց վերջինիս կամքը հաշվի առնելու, նստեցրել են «BMW» մակնիշի ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 

Դեպքի առթիվ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 453-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։ 

Նույն օրը կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում վերցվել են տարածքը տեսանկարահանող սարքերի՝ դեպքին վերաբերելի տեսագրությունները և զննության ենթարկվել։ Հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։ 

Ըստ նախնական տվյալների՝ տուժողն իր հարազատների հետ եղել է «Սան Մարկո» լողավազանում, երբ նրանց են մոտեցել սև հագուստով, դիմակավորված երկու անձ, ներկայացել որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակից։ Սկսել են խոսել կնոջ հետ, որի ընթացքում նրան արագ լողավազանի տարածքից տեղափոխել են ավտոկայանատեղի և այնտեղից ավտոմեքենայով հեռացել նշված վայրից։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում ինչպես տուժողին, այնպես էլ՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։  

Այդ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ տվյալներ ձեռք բերելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում