Երևան

Երևանյան լճում ուսումնասիրություն է կատարվում՝ մաքրման և հետագայում ռեկրեացիոն հանգստավայր ստեղծելու նպատակով

3 րոպեի ընթերցում

Երևանյան լճում ուսումնասիրություն է կատարվում՝ մաքրման և հետագայում ռեկրեացիոն հանգստավայր ստեղծելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ Երևանյան լճի ուսումնասիրություններ են իրականացվում հատակի նստվածքների մաքրման նպատակով։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը՝ հավելելով, որ Երևանյան լճի հատակի տիղմի մաքրման աշխատանքներ երբեք  չեն իրականացվել։ 

«Հատակին և ափամերձ հատվածներում տիղմի կուտակման հետևանքով կրճատվել է լճի օգտակար ծավալը, այսինքն՝ ավելի քիչ ջուր է հնարավոր պահեստավորել ոռոգման և այլ նպատակներով, քան նախագծված է եղել։ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ ուսումնասիրություն է իրականացվում հատակային նստվածքների ծավալների ու բաղադրության վերաբերյալ, և նորարարական լուծումներ են առաջարկվելու ամբողջ տիղմը մաքրելու համար»,-ասաց Ավետիսյանը։

Նրա տեղեկատվությամբ՝ հատակային նստվածքների մաքրման գործընթացից հետո հնարավոր կլինի Երևանյան լիճն օգտագործել նաև որպես ռեկրեացիոն գոտի։

Այդ նպատակով նախատեսվում է բարեկարգել լճի բոլոր ափերը և երկու ափերը միացնող կամուրջ կառուցել։ 

Ավետիսյանի խոսքով՝ համալիր այդ միջոցառումների իրականացումից հետո լիճը ռեկրեացիոն հանգստի գոտի կդառնա Երանի բնակիչների համար։

Մեր զրուցակցի կարծիքով՝ այդ աշխատանքները մոտ 5 տարի կտևեն, քանի որ, օրինակ՝ Երևանյան լճի ափամերձ մի հատվածի մաքրումն ու բարեկարգումը, ինչպես նաև հանրային զբոսայգու ստեղծումը 3 տարի են տևել։ 

Միաժամանակ աշխատանքներ են տարվում Հրազդան գետի  կոշտ թափոնների հավաքման ու մաքրման համար, որի շնորհիվ կկանխարգելվի դրանց հոսքը Երևանյան լիճ։

Բացի ներկայում կառուցվող աղբորսիչ և ջրի կենսաբանական մաքրման կայաններից, քաղաքապետարանը նախատեսում է Հրազդան գետի ամբողջ երկայնքով կոյուղաջրերի կոլեկտորի անցկացման ծրագիր։ 

«Դա ևս կարևոր բնապահպանական խնդիր է Երևանի համար, քանի որ «Վեոլիա ջուր» ընկերությունից մեր հարցմանը տրված պատասխանի համաձայն՝ մոտ 600 ապօրինի միացումներ կան, որոնցով կոյուղաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ»,-ընդգծեց Ավետիսյանը՝ ընդգծելով, որ  չնայած պահանջվող բավականին մեծ ծախսերին՝ Երևանի քաղաքապետարանը գնացել է այդ քայլին՝ հաշվի առնելով խնդրի լուծման կարևորությունը։ 

Քաղաքապետարանի պաշտոնյան հայտնեց, որ Հրազդան գետի երկայնքով կենտրոնացված այդ կոյուղատարի նախագծման մրցույթն արդեն իսկ հայտարարված է, իսկ բուն նախագծման համար նախատեսված է մոտ երկու ամիս։ Ավետիսյանի կարծիքով՝ դրա կառուցումը կտևի նվազագույնը երկու տարի։ 

Մեծ տրամաչափով խողովակաշարը Հրազդան գետի երկայնքով կհասնի մինչև Աէրացիա։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում