Մշակույթ

Խրախուսում կտրամադրվի միջազգային մրցանակաբաշխության մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի 3 գործչի և 2 խմբի

3 րոպեի ընթերցում

Խրախուսում կտրամադրվի միջազգային մրցանակաբաշխության մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի 3  գործչի և 2 խմբի

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում և դրամական խրախուսում է տրամադրվել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի 3 գործչի և 2 խմբի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Փոփոխությունը կատարվել է՝ համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N305-L որոշմամբ հաստատված «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագրի»: 

Դրամական խրախուսումը նախատեսվում է հատկացնել «Ամերիկացին» հայկական ֆիլմի ստեղծագործական թիմին՝ Օսկարի մրցանակաբաշխությանը մասնակցելու, «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ Ավինյոնի փառատոնին մասնակցելու և «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումը փառատոնի շրջանակում ցուցադրելու, ինչպես նաև 3 երիտասարդ բալերոների՝ բալետային արվեստի լավագույն մրցույթ-փառատոներին մասնակցելու և մրցանակին տեղեր զբաղեցնելու համար։ Մասնավորապես՝ դրամական խրախուսում կտրամադրվի Ռազմիկ Մարուքյանին՝ «Արաբեսկ» մրցույթում 1-ին տեղը զբաղեցնելու համար, Գոռ Սարգսյանին և Ռաֆֆի Գալստյանին՝  «Դանսինգ Իտալի» պարի միջազգային մրցույթ-փառատոնում 1-ին մրցանակ ստանալու համար։

Դրամական խրախուսման հաշվարկն իրականացվում է մրցանակը ստանալուն հաջորդող ամսվանից 12 ամիս ժամկետով․ մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրվում է ամսական պարբերականությամբ (սկսած մրցանակը ստանալուն հաջորդող ամսվանից), իրավաբանական անձի դեպքում՝ միանվագ տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվում է դրամական խրախուսման բաշխումը։ 

Այսպիսով՝ ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կարժևորվի մշակույթի գործիչների դերը հայ մշակույթի հանրահռչակման գործում, և նրանց համար կձևավորվի բարենպաստ ստեղծագործական միջավայր՝  նպաստելով ազգային ավանդական մշակույթի պահպանմանը, արտերկրում հայ մշակույթի հանրահռչակմանն ու դիրքավորմանը, ժամանակակից և նորարարական արվեստի ու ստեղծարար ոլորտի զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում