ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամռան ամիսներին Կոտայքի մարզային գրադարանն ընթերցանությունը խթանելու նպատակով իրականացրել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ճանաչողական և ինտելեկտուալ խաղեր, գրքի շնորհանդեսներ, ցերեկույթներ՝ նվիրված արևմտահայ գրողներին ու արվեստագետներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Գրադարանում իրականացված 22-ից ավելի բազմաբովանդակ միջոցառումների, կրթական բազմազան ծրագրերի արդյունքում գրանցվել է 1363 նոր ընթերցող, իսկ այցելությունների քանակը կազմել է 21502:
Իրականացվել են նաև տարաբնույթ կրթական սեմինարներ՝ ընթերցողների և ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Շարունակվել է անգլերենի և շախմատի խմբակների գործունեությունը, գրադարանում գործող տիկնիկային թատրոնը բեմադրել է Շունն ու կատուն, «Չարի վերջը» ներկայացումները և հրազդանցի բարերարների աջակցությամբ շրջել մարզի մի շարք բնակավայրերում:
Ամռանն իրենց մասնագիտական հմտություններն ու կարողություններն են կատարելագործել գրադարանի աշխատակիցները՝ գրադարանում կազմակերպելով լավագույն փորձի փոխանակում: Նրանք մասնակցել են նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում իրականացվող գրադարանավարների վերապատրատման դասընթացներին: