Կրթություն

«Թումո Եղեգնաձոր»-ի մեկնարկով «Թումո»-ի կրթական ծրագիրը հասանելի է դառնում Վայոց ձորի բոլոր պատանիների համար

5 րոպեի ընթերցում

«Թումո Եղեգնաձոր»-ի մեկնարկով «Թումո»-ի կրթական ծրագիրը հասանելի է դառնում Վայոց ձորի բոլոր պատանիների համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը սկսում է նոր ուսումնական տարին Եղեգնաձորում ժամանակավոր կենտրոնի գործունեության մեկնարկով։ Վեց «Թումո տուփ»-երից կազմված ժամանակավոր կենտրոնը «Թումո»-ի տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում արտադպրոցական անվճար կրթությունը հասանելի է դարձնում մարզի բոլոր պատանիների համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնից, մարզում արդեն գործող Արենիի, Վայքի, Ջերմուկի և շուտով գործարկվող Շատինի տուփերի ուսանողները, ծրագրի ինքնուսուցման բաժինը անցնելով իրենց համայնքներում, դասընթացների և աշխատարանների համար կուղևորվեն մարզկենտրոն ծրագրի շրջանակում ապահովվող տրանսպորտով։

«Տուփերից բաղկացած կենտրոնը հնարավորություն է տալիս ապահովել Վայոց ձորի պատանիներին «Թումո»-ի կրթությամբ՝ մինչև մշտական կենտրոնի վերակառուցման ծավալուն աշխատանքների կազմակերպումը և իրականացումը։ Արենիի և Վայքի պատանիներն այլևս ստիպված չեն լինի ավելի քան 2 ժամ երթևեկել մինչև «Թումո Երևան», որպեսզի ամբողջացնեն իրենց թումոյական փորձառությունը դասընթացների և աշխատարանների միջոցով», - նշում է «Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Ըստ աղբյուրի՝ մարզում գործող կրթական ցանցը հնարավորություն է տալիս շաբաթական շուրջ 1,300 պատանիների հմտանալ ամենաարդիական ոլորտներում, ինչպիսիք են խաղերի ստեղծումը, ծրագրավորումը, անիմացիան, ֆիլմերի ստեղծումը, թվային նկարչությունը, 3D մոդելավորումը և ավելին։

Նշվում է, որ ժամանակավոր կենտրոնը գտնվում է քաղաքի ավագ դպրոցին կից տարածքում՝ Շահումյան 12 հասցեում։ Սեպտեմբերի 2-ից այստեղ են անցկացվում գրանցված ուսանողների և նրանց ծնողների հետ կողմնորոշիչ հանդիպումները, իսկ սեպտեմբերի 9-ից կսկսեն ինքնուսուցման վարժանքները և դասընթացները։ «Թումո»-ն հրավիրում է Վայոց Ձորի բոլոր 12-18 տարեկան պատանիներին միանալ ծրագրին՝ ծնողների օգնությամբ գրանցվելով այստեղ։

«Արդեն ավելի քան երկու տարի է հաճախում եմ «Թումո»: Երաժշտության դասընթացին, 3D մոդելավորման և գրաֆիկ դիզայնի աշխատարաններին մասնակցելու համար մինչ այժմ գնում էինք Երևան: Շատ ուրախ եմ, որ արդեն գործում է «Թումո Եղեգնաձոր»-ը. հիանալի հնարավորություն է թե ինձ համար, թե մեր մարզի մյուս ուսանողների համար, քանի որ Եղեգնաձորն ավելի մոտ է և կարող ենք դասընթացների գրաֆիկը ավելի արդյունավետ կազմակերպել», - ասում է Վայքից «Թումո»-ի ուսանող 14-ամյա Աշոտ Հովհաննիսյանը։

«Երբ իմացանք, որ Եղեգնաձորում «Թումո» կենտրոն է բացվելու, շատ ուրախացանք: Տղաս ոգևորությամբ է հաճախելու և ցանկանում է ծրագրավորում սովորել», - ասում է Եղեգնաձորից Կարեն Հակոբյանի մայրիկը՝ Նաիրա Հակոբյանը:

Ավելի քանի 13 տարի շարունակ Թումոն ստեղծում է կյանքեր վերափոխող ուսումնական փորձառություններ` լայն մասշտաբով։ Այս տարիների ընթացքում «Թումո»-ն Հայաստանում հիմնել է 7 կենտրոն և 37 տուփ, որտեղ շաբաթական այցելում է 25,000 ուսանող: Միջազգային Dalberg International ընկերությունը վերջերս անցկացրել է «Թումո»-ի ազդեցության անկախ գնահատում: Ըստ ուսումնասիրության՝ կենտրոնի ուսանողները շատ ավելի լավ են սովորում դպրոցում, ավելի մեծ ներուժ ունեն տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու, կարող են վաստակել պետական միջին աշխատավարձի ավելի քան եռապատիկը: Եվ սա արդյունքների ընդամենը մի մասն է։ Ամբողջական ուսումնասիրությունը հասանելի է այստեղ։  

Կենտրոնից հայտնում են, որ «Թումո Եղեգնաձոր»-ի բացումը հնարավոր է դարձել «Թումո Հայաստան» բարեգործական նախաձեռնության աջակիցների նվիրատվությունների շնորհիվ։ Նախաձեռնության նպատակն է կառուցել 16 կենտրոններից և 110 տուփերից կազմված ցանց, որտեղ շաբաթական կարող են այցելել 80,000 ուսանողներ: «Թումո»-ի ժամանակակից կրթական ցանցն արդեն ընդգրկում է Հայաստանի հյուսիսային մարզերից ամբողջ Տավուշն ու Շիրակը և Սյունիքի մարզի հարավը: Հաջորդիվ նախատեսվում է կենտրոն բացել Արարատի մարզի Մասիս քաղաքում: «Թումո Հայաստան» նախաձեռնությանը կարելի է միանալ և նվիրատվություններ կատարել այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում