Հայաստան

ՆԳՆ փրկարար ծառայությունում կայացել է Փրկարարի օրվան նվիրված տոնական միջոցառում

4 րոպեի ընթերցում

ՆԳՆ փրկարար ծառայությունում կայացել է Փրկարարի օրվան նվիրված տոնական միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ փրկարար ծառայությունում սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել Փրկարարի օրվան նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ներկա են եղել Նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը, ծառայողներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարի, նախարարության և իր անունից շնորհավորել է փրկարարներին մասնագիտական տոնի կապակցությամբ։

Ընդգծելով Հայաստանի Հանրապետության դիմակայունության առումով փրկարար ծառայողների աշխատանքի կարևորությունը՝ Սարգսյանը կարևորել է դինամիկ հասարակական հարաբերություններին զուգընթաց փրկարարների պատրաստվածությունը, շարունակական կրթության ապահովումը, որը հանրությանը մատուցվող ծառայության արդյունավետության բարձրացման երաշխիք է։

Փոխնախարարը նշել է, որ պետք է արժանին մատուցել ծառայողների 24/7 ռեժիմով մատուցած ծառայության հետևում կանգնած ընտանիքների անդամներին, ծառայողների կրթական գործընթացը կազմակերպող դասախոսական անձնակազմին, փրկարարական աշխատանքի համար փրկարարական գույքը պատշաճ տեսքի բերող անձնակազմին և ծառայության թիկունքում կանգնած բոլոր անձանց, որոնք այս կամ այն կերպ աջակցում են փրկարարի աշխատանքին։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ Կառավարությունը հետևողականորեն բարելավել և շարունակելու է բարելավել փրկարարների կրթական գործընթացը, աշխատանքային պայմանները, աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությունը, սոցիալական երաշխիքները, ինչը թույլ կտա, հենվելով ունեցած արդյունքների վրա, ապահովել զարգացման նոր մակարդակ։

Ըստ աղբյուրի՝ Փրկարարի օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել ծառայողներին քաղաքացիների փրկության և պաշտպանության գործում խիզախության, բարեխիղճ ծառայության ու նվիրվածության համար։

Իր ելույթում Արամ Հովհաննիսյանը Ոստիկանության անձնակազմի անունից շնորհավորել է փրկարարներին՝ առանձնահատուկ կարևորելով ոստիկանների և փրկարարների համատեղ արդյունավետ աշխատանքը։

Նշվում է, որ միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ՆԳ նախարարության փրկարար ծառայության պաշտոնական նոր կայքի՝ rescue.mia.gov.am-ի շնորհանդեսը։ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը նշել է, որ սա Հայաստանում առաջին պետական կայքն է, որի տեղեկատվությունը գտնվում է ամպային տիրույթում: Նա հավելել է, որ եռալեզու կայքը համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, իսկ ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմի ներդրման շնորհիվ կայքը հասանելի է նաև հաշմանդամություն ունեցող անձանց։

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ միջոցառման ընթացքում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ ծառայություն իրականացնելու և մասնագիտական տոնի կապակցությամբ փրկարարները պարգևատրվել են մեդալներով, հուշանվերներով ու պատվոգրերով, խրախուսվել արտահերթ կոչումներով։

Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում