Քաղաքականություն

Երևանը չի բացառում Ադրբեջանի հետ հնարավոր հաղորդակցությունների անվտանգության ապահովումը մասնավոր գործակալություններին պատվիրակելու տարբերակը

2 րոպեի ընթերցում

Երևանը չի բացառում Ադրբեջանի հետ հնարավոր հաղորդակցությունների անվտանգության ապահովումը մասնավոր գործակալություններին պատվիրակելու տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը չի բացառել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգության ապահովումը կարող է պատվիրակվել անվտանգության մասնավոր գործակալությունների։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մնացական Սաֆարյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օրերս հնչեցրած հայտարարությանը։

Մնացական Սաֆարյանն ընդգծել է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հաղորդակցությունների անվտանգության ապահովումը անվտանգության մասնավոր գործակալություններին պատվիրակելը հնարավոր է։ «Այո, ասել է, որ հնարավոր է։ Եթե հավելյալ տեղեկատվություն լինի, կտեղեկացնենք։ Խոսվել է միայն դրա հնարավորության մասին», - նշել է ԱԳ փոխնախարարը՝ հավելելով, որ նման դեպքում մասնավոր անվտանգության ընկերությունը պետք է պաշտպանի նաև հաղորդակցությունների այն հատվածը, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով։ 

Անդրադառնալով հարցին, թե հաղորդակցությունների պաշտպանության իրավունքը մասնավոր պահնորդական ընկերությանը տալը չի՞ խախտում արդյոք երկրի ինքնիշխանության սկզբունքը՝ փոխնախարարը պատասխանել է․ «Ոչ, իհարկե չի խախտում»։

Մնացական Սաֆարյանը նաև հավելել է, որ սահմանին ներկա կլինեն հայ սահմանապահներն ու մաքսավորները։

Փոխնախարարի խոսքով՝ սա Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանության մեջ է, իսկ նախագծի տրամաբանությունը հայտնի է բոլորին։ 

Փոխնախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ մինչև այժմ խոսվել է ընդամենը դրա հնարավորության մասին, և այդ առումով դեռևս որևէ հստակություն չկա։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում