Հայաստան

«Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» միջազգային համաժողովի երկրորդ օրը թվային լուծումների մասին էր

8 րոպեի ընթերցում

«Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» միջազգային համաժողովի երկրորդ օրը թվային լուծումների մասին էր

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ի՞նչ կերպ կարող են թվային լուծումները ու նորագույն տեխնոլոգիաները հեշտացնել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց կյանքը․ Երևանում սեպտեմբերի 1-ից 2-ն անցկացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովի երկրորդ օրն այս թեմայով է մեկնարկել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը։

ԱՍՀ նախարարի տեղեկալ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ համաժողովը ցույց է տվել, որ մենք զարգացել ու կրթվել ենք նախ մեր կարիքներն արտահայտելու մեջ։ 

«Խնդիրներն ամենուր են, բոլոր երկրներում կան այդ խնդիրները՝ հատկապես խոցելի խմբերի հետ կապված, մեկ այլ հարց է խնդիրներից բողոքելը, որը ևս ընդունելի է, ենթադրում է վարչարարություն, մենք տասնյակ հազար հարցեր ենք ստանում ամեն ամիս և պատասխանում։ Բայց նաև շատ կարևոր է խնդիրը կրողի կողմից գրագետ հասկանալ ու հասցեագրել պահանջները։ Հիմա այստեղ մեկ ուրիշ դիլեմա էլ կա, կասեք պետական մարմիններ են, թող հետազոտեն, հասկանան խնդիրները, լուծումներ առաջարկեն։ Չի կարող այդպես լինել, հատկապես խոցելի խմբերի ծառայությունների մասով, սա պետք է լինի մասնակցային, որովհետև ես իմ տեղում նստած երբեք չեմ կարող պատկերացնել, թե ինչի կարիք ունի որևէ խնդրով առողջական մարդը` ինքս չլինելով այդ խնդրի կրողը»,- իր խոսքում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Նախարարությունը շարունակում է ուսումնասիրությունները, թե ինչպես զարգացնել հաշմանդամություն ունեցող անձի կարողությունները, օրինակ, հավելյալ պարապմունքների միջոցով, որ կիսատ ստացած գիտելիքները շահառուն լրացնի և ներգրավվի աշխատաշուկայում՝ շարունակել է փոխնախարարը։ Այս համաժողովն էլ լավ հարթակ է բացերը քննարկելու ու լուծումներ փնտրելու համար։ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը, խոսելով թվայնացումից, ներկաներին բացատրել է e-disability հարթակի ընձեռած հնարավորությունները։ Սա հարթակ է, որի միջոցով քաղաքացիները դիմումներ են ներկայացնում առցանց։ Նախարարությունն էլ հնարավորություն է ստանում նույնականացնել, ունենալ ամփոփ տեղեկություն անձի վերաբերյալ, տարբեր գերատեսչություններից տեղեկություն։ Բացառվում է նաև ցանկացած պայմանավորվածություն, քանի որ դիմում ուսումնասիրողը չի տեսնում որևէ անձնական տվյալ։

«Մեր այս տարվա աշխատանքները նաև ամփոփվել են հետևյալ տրամաբանությամբ, որ մենք հասանելիությունը սարքել էինք սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց համար, որովհետև նախկինում պարտադիր էր, որ քաղաքացին իր անձը հաստատող փաստաթղթով ներկայանար ՄՍԾ և դիմում լրացներ, այժմ հնարավոր է օնլայն։ Այսինքն, եթե մարդն ունի շարժողական որևէ խնդիր, օնլայն ցանկացած րոպեին, ցանկացած վայրից կարող է դիմումը լրացնել։ Եվ երկրորդ, ներառականությունը, որ մենք արդեն հասանելի ու մատչելի ենք դարձրել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար, համապատասխանեցրել ենք միջազգային չափանիշներին և կայքն այլևս համարվում է նաև միջազգայնորեն ներառական այս գործառույթները իրականացնելու համար»,- շեշտել է ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։

Անահիտ Պարզյանի խոսքով, իրենց համար մեծ փորձառություն էր, երբ աշխատանքներում ներառում են տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց, քանի որ սկզբունքային էր, որ ում համար ստեղծվում է հարթակը, իրենք մասնակից լինեն հարթակի աշխատանքներին։ «Key2enable» ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հեղինակած հատուկ ստեղնաշարը՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար։

«Գունավոր կոճակները հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող երեխաներին օգտագործել համակարգիչ՝ լարով ստեղնաշարը միացվում է որևէ սարքավորման՝ հեռուստացույց, հեռախոս կամ համակարգիչ։ Ընդամենը պետք է սեղմել կոճակը և հնարավոր է գրել որևէ տեքստ։ Ունենք նաև աչքի դետեկտորներ։ Էլեկտրոնային ողջ մասը դրսում է, աչքի մեջ ոչ մի էլեկտրոնային սարքավորում չի տեղադրվում։ Այս սարքավորումների միջոցով մենք փորձում ենք վերացնել խզվածքը, որն առաջացել է խնդիրներ ունեցող ու չունեցող երեխաների միջև», - ընդգծել է ԱՄԷ-ն ներկայացնող «Key2enable» ընկերության գործադիր տնօրեն Խոսե Ռուբինջերը։ 

Թվային լուծումների մասին խոսել է նաև «Consort world» ընկերության գործադիր տնօրենը։ Նորագույն տեխնոլոգիաները կարելի է կիրառել ցանկացած իրավիճակում, հնարավոր է վերապրոֆիլավորել արդեն իսկ գոյություն ունեցող սարքերը,  կիրառելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար։ 

«Գրագիտություն և հաղորդակցություն։ Երբ ասում են երեխաս չի խոսում, ինչու՞ պետք է իրեն ինչ-որ բան սովորեցնենք, այս տրամաբանությունը սխալ է։ Մենք պետք է գրագիտության, գրաճանաչության ծրագրեր իրականացնենք, երեխային գիտելիք տանք, որովհետև երբ երեխան կարողանա ճիշտ հաղորդակցվել, նա իր իմացածը՝ գրաճանաչությունը, կկիրառի։ Լեզուն այդ գրաճանաչության արտահայտման եղանակն է», - ընդգծել է «Consort world» ընկերության գործադիր տնօրեն Քամիլ Մաթթան։

Համաժողովի երկրորդ օրը ևս երաժշտական դադար կար։ Մասնակիցների համար ելույթ է ունեցել «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը։ 

Ելույթներին հաջորդել են պանելային քննարկումները։ Մասնակիցները խոսել են օրենսդրական բացերի, փոփոխությունների անհրաժեշտության, կրթական բարեփոխումների հարցերի մասին՝ ընդգծելով, որ պետք է ճիշտ կրթություն տալ ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձին, այլ նաև իր ծնողին։ Կատարի և ԱՄԷ-ի ներկայացուցիչներն այս հարցում կարևորել են նոր տեխնոլոգիաների կիրառումը, ինչը մի քանի անգամ հեշտացնում է խնդիրներ ունեցող անձանց կյանքը, բարձրացնում կյանքի որակը։ Պանելային մեկ այլ քննարկման առանցքում ծառայությունների ոլորտն էր։ Բանախոսները կարծում են, որ պետությունը պատվիրակելուց զատ պետք է համակարգելու և վերահսկելու գործիքակազմ ունենա, ծախսերը պետք է արդյունավետ իրականացվեն, մրցակցային պայմանները պետք է ապահովված լինեն, կիրառվեն ֆինանսական գործիքներ։ Քննարկման օտաերկրացի մասնակիցը արդյունավետ ծրագրեր իրականացնելու գործում կարևորել է նաև դրամաշնորհային արդյունավետ քաղաքականությունը, գործակցությունը տարբեր կառույցների ու բուհերի միջև։ Պանելային քննարկումներով էլ ավարտվել է միջազգային երկօրյա համաժողովը։

Միջազգային համաժողովը նախաձեռնել է «Իմ Քայլը» հիմնադրամը՝ գործակցելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ Համաժողովը կազմակերպելու հարցում Հիմնադրամի գործընկերն է «Վորլդ Վիժն» կազմակերպությունը՝ Եվրոպական միության աջակցությամբ: 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում