Քաղաքականություն

Պետությունն առաջին հերթին պահվում է բոլորի կողմից արդարության սկզբունքով վճարվող հարկերով. վարչապետն անդրադարձել է հարկային կարգավորումներին

5 րոպեի ընթերցում

Պետությունն առաջին հերթին պահվում է բոլորի կողմից արդարության սկզբունքով վճարվող հարկերով. վարչապետն անդրադարձել է հարկային կարգավորումներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետն, անդրադառնալով հարկային դաշտում նոր կարգավորումներին, կարծիք է հայտնել, որ պետությունն առաջին հերթին պահվում է բոլորի կողմից արդարության սկզբունքով վճարվող հարկերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլիս ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Կառավարության կողմից հարկային օրենսդրության փոփոխություններին վերաբերող հարցադրումներին։

«Ինչ վերաբերում է հարկային համակարգին, դուք գիտեք, որ 2019 թվականից մենք համահարթ եկամտային հարկի համակարգին ենք անցել, և ես կարծում եմ, որ դա ճիշտ որոշում է և ես այդ համակարգը փոխելու պատճառ չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է, ընդհանրապես, Հարկային օրենսդրությանը, դրա շուրջ միշտ պետք է մտածել, որովհետև դա պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է։ Երբ որ մենք խոսում ենք տարբեր խավերի մասին, կան կարիքներ, որոնք վերաբերում են բոլոր խավերին։ Ես դրան անձրադարձել եմ ամենատարբեր առիթներով, որովհետև երկրում կա ճանապարհների, կոմունիկացիաների, ջրի անհրաժեշտություն։ Պետությունն այդ բոլոր կարիքները հոգում է այնքանով, ինչքանով կարողանում է գումարներ գեներացնել իր բյուջեում», - ասաց վարչապետը՝ շեշտելով, որ բյուջեում ճեղքված չկա, բայց փողը երբեք շատ չի լինում։ 

Փաշինյանի դիտարկմամբ՝ Հայաստանում շատ կարիքներ կան, և երկրում բյուջեի եկամուտները 2018 թվականից մեծ տեմպերով աճել են և շարունակում են աճել, բայց կարիքները օբյեկտիվ այնքան մեծ են, որ ավելի շատ գումար է հարկավոր։

Վարչապետի կարծիքով՝ պետությունը մտածողության այլ հարթություն է, որովհետև վճարված հարկը մի երևույթ չէ, երբ քաղաքացին իր փողը տալիս է ուրիշին, այլ այն է, որ քաղաքացին իր գումարը մի գրպանից հանում է և դնում է մյուս գրպանը, որովհետև պետությունն է այն մեխանիզմը, որով ինքը պետք է իր կարիքներն ապահովի՝ դպրոց, առողջապահություն, մանկապարտեզ, ճանապարհ, հոսանք, անվտանգություն և այլն։

«Մենք պետք է գեներացնենք այնքան միջոցներ, այդ թվում՝ հարկային, որ անհրաժեշտ է ՀՀ-ի զարգացումը և քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար», - ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանում ահռելի ստվեր կա, և այդ ստվերի թիվ մեկ հովանոցը շրջանառության հարկն է։ Նրա դիտարկմամբ՝ Կառավարությունը չի կարող չնկատելու տալ այդ հանգամանքը։ Չի կարող չնկատելու տալ նաև այն, որ երբ որ սոցիալական նկատառումներով հարկային արտանություններ են սահմանվում, հետո երբ վերադարձ է կատարվում՝ տեսնելու, թե ինչպես են կիրառվել այդ սոցիալական արտոնությունները, տեսանելի է դառնում, որ շատ դեպքերում կիրառվում են ստվերը մեծացնելու համար։

ՀՀ վարչապետն, անդրադառնալով տաքսիների հետ կապված խնդրին, նկատեց, որ ոչ ոք չի ասել, որ տաքսու վճարված գումարը չպետք է հարկվի, նման բան չկա։

«Ասում են, որ ես ժամանակին ասել եմ՝ տաքսիստների համար լավ պայմաններ կապահովենք։ Մենք ապահովել ենք այդ լավ պայմանները. առաջինը՝ անհատ տաքսու վարորդների համար եղել է արտոնագրման վճար, լիցենզավորման վճար, որը մենք ժամանակին չեղարկել ենք, հիմա զրո է այդ վճարը։ Երկրորդը՝ մենք ասել ենք տնտեսական զարգացմանը զուգընթաց պետք է բարելավենք ստանդարտները և հարկման մեխանիզմները։ Պետությունն առաջին հերթին պահվում է բոլորի կողմից արդարության սկզբունքով վճարվող հարկերով», - ընդգծեց վարչապետը՝ նշելով, որ Կառավարությունը պետք է ժամանակ առ ժամանակ որոշումներ կայացնելու քաղաքական կամք ունենա։ 

Փաշինյանը շեշտեց, որ քաղաքացու կողմից վճարվող հարկը որևէ մեկն իր տուն չի տանում, և կոռուպցիայի դեմ պայքարն էլ փող արժե։ 

«Պետություն ունենալն ամենաթանկ նախագծերից մեկն է, որը մարդը ստեղծել է։ Պետությունից ավելի թանկ բան չկա», - ասաց վարչապետը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարությունը գնում է անկախ, ինքնիշխան, ուժեղ ու զարգացած պետություն ունենալու ուղղությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում