Քաղաքականություն

Կոմունիկացիաները չեն բացվել այդ թվում ՌԴ մի շարք գործընկերների որոշ մեկնաբանությունների պատճառով. ՀՀ վարչապետ

5 րոպեի ընթերցում

Կոմունիկացիաները չեն բացվել այդ թվում ՌԴ մի շարք գործընկերների որոշ մեկնաբանությունների պատճառով. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի դիտարկմամբ՝ տարածաշրջանային կոմունիկացիաները մինչ այս պահը չեն բացվել, այդ թվում, Ռուսաստանի Դաշնության մի շարք գործընկերների՝ փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլիս ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությանն այն մասին, որ «չկա այդ հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի» և սա արդյոք նշանակում է, որ Երևանը պատրաստվում է պաշտոնապես հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից։

«Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել Նոյեմբերի 9-ի հայտարարության փաստաթղթից, Երևանն իր մտադրության մասին կհայտարարի», - նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, Նոյեմբերի 9-ի հայտարարությանը պետք է նայել ամբողջականության մեջ և այդ թվում՝ նաև գերիների վերաբերյալ։

«ԼՂ-ում տեղի ունեցածը դուրս է բոլոր ձևակերպումներից, որը մենք ունենք Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, և կարծում եմ՝ ԱԳՆ-ն պատշաճ արձագանք է տվել: Այն հայտարարությունը, որն առիթ էր դարձել ԱԳՆ-ի արձագանքի, դրա մեջ փորձ էր արվում ասել, թե տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվում Հայաստանի սաբոտաժի պատճառով։ Ես կարող եմ ասել, որ տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվել մինչև այս պահը այդ թվում ՌԴ-ի մի շարք գործընկերների՝ փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով: Ընդ որում՝ այդ մեկնաբանութունները շատ հաճախ և հիմնականում հակասել են ՌԴ նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կամ 10-ի հրամանագրի ձևակերպումներին, որոնց մասին ես մի քանի անգամ խոսել եմ», - ասաց վարչապետը՝ շեշտելով, որ ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեմային, Հայաստանը ոչ միայն այդ թեման սաբոտաժ չի անում, այլև լրջորեն շահագրգռված է: 

Վարչապետը հիշեցրեց, որ կոմունիկացիաների բացման վերաբերյալ գոյություն ունի նախագիծ, որը կոչվում է Խաղաղության խաչմերուկ։

«Ընդ որում՝ ՌԴ մի շարք գործընկերներից արձագանք եմ ստացել, որ իրենք աջակցում և ողջունում են Խաղաղության խաչմերուկը», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այստեղ շատ տարօրինակ տարընթերցումներ կան մի քանի գերատեսչությունների միջև կամ առնվազն լսված գնահատականների միջև։

Վարչապետն արձանագրեց, որ Հայաստանը Խաղաղության խաչմերուկի իրագործումը պատրաստ է սկսել հենց վաղը և պատրաստ է ճանապարհները բացել հենց վաղը։

Վարչապետը հիշեցրեց, որ արդեն բավական երկար ժամանակ ՀՀ կառավարությունում որոշման նախագիծ կա Հայաստան-Ադրբեջան սահմանին և Նախիջևանի կողմից և բուն Ադրբեջանի կողմից հսկիչ անցագրային կետեր սահմանելու վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ միջազգային առումով Խաղաղության խաչմերուկը շատ կարևոր նախագիծ է՝ շեշտելով, որ բազմաթիվ երկրների ղեկավարներից աջակցության նամակներ է ստանում՝ այն ընդգծմամբ, որ իրենց պաշտպանում են այդ նախագիծը։

«Այդ թեման որ անընդհատ փորձ է արվում շահարկել, շոշափել, արդյոք Հայաստանը պատրաստ է հաղորդակցություն տրամադրել Նախիջևանի Հանարապետության և բուն Ադրբեջանի միջեւ, այո, պատրաստ է, դրա մասին մենք ասել ենք։ Արդյոք մենք պատրաստ ենք արձանագրել, որ այդ հաղորդակցության մեջ կան որոշակի առանձնահատկություններ, այո, և մենք դա երբեք չենք ժխտել: Բայց նաև ակնհայտ է, որ ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության հետ կապված որեւէ հանգամանք չի կարող լինել կասկածի տակ», - ընդգծեց վարչապետը: 

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուրջ կանոնակարգի ստորագրումը՝ Փաշինյանը պարզաբանեց, որ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի ստորագրումը երկար տևեց, քանի որ ավելի երկար ժամանակ պահանջվեց աշխատանքն ավարտելու համար, և համաձայնության հասան սեպտեմբերի 1-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում