Երևան

Երևանում բնակարանից գողության փորձը կանխվել է տուժողի հարևանի և ազգականի ջանքերով. Վրաստանի քաղաքացին կալանավորվել է

3 րոպեի ընթերցում

Երևանում բնակարանից գողության փորձը կանխվել է տուժողի հարևանի և ազգականի ջանքերով. Վրաստանի քաղաքացին կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի բնակչից 2024 թվականի օգոստոսի 27-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 09:46-ին, անհայտ անձինք, կոտրելով մուտքի դռան փականը, մուտք են գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող իր բնակարան և փորձել են գողություն կատարել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննությամբ պարզվել է, որ բնակարանի սեփականատերը դեպքի օրը գտնվել է Ծաղկաձոր քաղաքում, որի ընթացքում, տանը տեղադրված տեսանկարահանող սարքի և իր հեռախոսում տեղադրված համապատասխան ծրագրի օգնությամբ, վերջինս արձանագրել է, որ ժամը մոտ 09:46-ին իրենց բնակարան ապօրինի մուտք են գործել երկու անձինք և գողություն են կատարում: 

Բնակարանի սեփականատերը զանգահարել է իր հորեղբոր որդուն և տեղեկացրել գողության մասին, իսկ կինն անմիջապես զանգահարել է Ոստիկանություն, ինչպես նաև՝ ահազանգել իրենց հարևաններին: Մինչ տուժողը կհասներ տուն, ահազանգից անմիջապես հետո նշված բնակարան շտապած հորեղբոր որդու, հարևանի, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ջանքերով հաջողվել է վնասազերծել առերևույթ հանցագործություն կատարող անձանցից մեկին։ 

Մասնավորապես պարզվել է, որ տեղեկանալով հարևանի տանից այդ պահին գողություն կատարվելու մասին՝ հարևանուհին նախ ձայն է տվել մյուս հարևաններին, ապա՝ մտել տվյալ բնակարան, որտեղ գտնվող տղամարդկանցից մեկը հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ապա հանցակցի հետ դիմել են փախուստի: Այդ ընթացքում ժամանած տանտիրոջ հորեղբոր որդին, հարևանուհուց տեղեկանալով, թե որ ուղղությամբ են հեռացել տվյալ անձինք, հետապնդել է նրանց, հասնելով՝ խափանել նրանցից մեկի փախուստը, որին ձերբակալել են վրա հասած ոստիկանության աշխատակիցները:

Պարզվել է ձերբակալվածի ինքնությունը, ով Վրաստանի 47-ամյա քաղաքացի է:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են առերես հարցաքննություններ, հետաքննության մարմնին տրվել է հանձնարարություն։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 47-ամյա տղամարդուն ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 47-ամյա տղամարդու հանցակցին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում