ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Այգավան բնակավայրում օգոստոսի 30-ին սպանություն է կատարվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, տեղեկացնելով, որ քրեական վարույթ է նախաձեռնվել:
««Վեդու բժշկական կենտրոն»-ի շտապօգնությունից 2024 թվականի օգոստոսի 30-ին հաղորդում է ստացվել, որ 32-ամյա տղամարդը, բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում, հարազատների կողմից տեղափոխվել է հիվանդանոց:
Վերոգրյալի հիման վրա նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի վայր է հանդիսանում Արարատի մարզի Այգավան բնակավայրի Մակուի փողոցի տներից մեկի դիմացի հատվածը։ Դեպքի վայրի զննությամբ նշված հատվածում` գետնին ու ավտոտնակի դարպասներին, հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնցից վերցվել են նմուշներ, ինչպես նաև գետնին հայտնաբերվել են սև գույնի գլխարկ և այլ իրեր, որոնք վերցվել և փաթեթավորվել են:
Նույն օրը կատարված դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ, որոշակի հեռավորության վրա` ծառի տակ, խոտերի մեջ, հայտնաբերվել ու վերցվել է ենթադրյալ հանցագործության գործիք դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:
Վարույթով նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև` դատագենետիկական փորձաքննություններ»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: