Տնտեսություն

Նպատակը ոչ թե բիզնեսին պատժելը, այլ հարկեր թաքցնելու երևույթը կանխելն է. ՊԵԿ պաշտոնյան՝ Քրեական օրենսգրքի փոփոխության մասին

7 րոպեի ընթերցում

Նպատակը ոչ թե բիզնեսին պատժելը, այլ հարկեր թաքցնելու երևույթը կանխելն է. ՊԵԿ պաշտոնյան՝ Քրեական օրենսգրքի փոփոխության մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասը միլիոն դրամ և ավելի հարկեր չվճարելու դեպքում բիզնեսին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ խրախուսական նորմը Քրեական օրենսգրքից հանելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի նախագիծը նպատակ ունի սոցիալական արդարության հետ կապված խնդիր լուծել, վերացնել օրինապահ հարկ վճարող բիզնեսների ու հարկերը թաքցնող բիզնեսների նկատմամբ անարդար մոտեցումը:  

Նոր նախագծի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին է պատասխանել ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը:

-Պարոն Մնացականյան, ՊԵԿ–ի կողմից հանրային քննարկման ներկայացված Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը մեծ արձագանք գտավ: Բիզնեսի ներկայացուցիչները, շատ տնտեսագետներ քննադատեցին նախագիծը: Կխնդրեմ՝ նախ մանրամասն ներկայացնեք նախագծի բուն էություն, ի՞նչ նպատակ է այն հետապնդում: 

-Գործող Քրեական օրենսգրքով մի շարք հոդվածների համար նախատեսված է խրախուսական նորմ, այսինքն՝ երբ անձը վերականգնում է վնասը, ազատվում է քրեական պատասխանատվությունից: Մենք մի քանի նորմերի հետ կապված այդ խրախուսական նորմն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ նախագիծ ենք մշակել: Մասնավորապես՝ գործող Քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ երբ անձը չարամտորեն չի վճարում հարկերը, ու դա բացահայտվում է, ապա ինքը հնարավորություն ունի վերականգնելու վնասը՝ վճարելու ժամանակին չվճարած հարկերն ու տույժերը՝ այսպիսով ազատվելով քրեական պատասխանատվությունից: Սա, մեր գնահատմամբ, օրինապահ և ոչ օրինապահ հարկ վճարողների նկատմամբ առաջացնում է անարդար մոտեցում: Երբ անձն օրինապահ է և օրենքով նախատեսված ժամկետներում հաշվարկում ու վճարում է իր հարկերը, բնականաբար իր բիզնեսից որոշակի գումար է դուրս բերում: Իսկ ոչ օրինապահն այդ գումարը չի վճարում պետությանը, ներդնում է բիզնեսի մեջ ու դրանից լրացուցիչ եկամուտներ ստանում՝ դրանով նաև մրցակցությունից, շուկայից դուրս թողնելով օրինապահ հարկ վճարողին, որովհետև դժվար է շուկայում պայքարել մեծ գումարներ ներդրածի հետ: Մեր կարծիքով՝ այդ առումով անարդար մոտեցում է ձևավորված: Ընդ որում՝ ոչ օրինապահները, որոնք հարկ չեն վճարում, հանգիստ են՝ երաշխավորված խրախուսական նորմով, գիտեն՝ երբ կբացահայտվի, հնարավորություն կունեն չվճարած հարկերն ու տույժերը մուծել՝ առանց քրեական պատասխանատվության ենթարկվելու: Այսպիսով` այս անարդար մոտեցումը վերացնելու նպատակով մենք նախաձեռնել ենք այդ խրախուսական նորմն ուժը կորցրած ճանաչելու նախագիծ: Դրա արդյունքում բիզնեսներն ավելի զսպված կգործեն: Մենք սոցիալական արդարության հետ կապված խնդիր ենք ուզում լուծել: Նշեմ նաև, որ մենք կալանավորման հետ կապված նորություն չենք մտցնում: Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հնարավորությունն այսօր էլ է նախատեսված: Եթե անձը սահմանված ժամկետում ակնհայտ դիտավորությամբ հարկերը չի վճարել,  ապա կալանավորման հնարավորությունն այսօր էլ օրենսդրությամբ նախատեսված է: Սակայն ներկայումս, կալանավորված լինելով հանդերձ, եթե անձը վճարի ժամանակին չվճարած հարկերը, ազատվում է քրեական պատասխանատվությունից: Մեր նախագիծը կալանավորման հետ կապ չունի ընդհանրապես, այն քրեական պատասխանատվությունից ազատելու հետ է կապված:

-Շատերը տեսակետ հայտնեցին, որ խրախուսական նորմը վերացնելը շատ կոպիտ, կոշտ գործիք է ՊԵԿ-ից կողմից՝ լուծելու տնտեսական խնդիրները: Ինչո՞ւ է ընտրվել հենց այս ճանապարհը:

-Մեր կարծիքով՝ կոպիտ միջոց չէ: Անձինք, երաշխավորված լինելով այդ խրախուսական նորմով, փորձում են թաքցնել իրենց հարկերը և չվճարել: Եվ, քանի որ իրենց հարկ թաքցնելը կարող է հետագայում չբացահայտվել, երաշխավորված ապրում են իրենց համար, իսկ, երբ կբացահայտվի, երաշխավորված իրավունքից օգտվելով՝ կվճարեն հարկերը և կազատվեն քրեական պատասխանատվությունից: Մեր կարծիքով՝ եթե անձն իմանա, որ հարկ չվճարելու համար այսպես թե այնպես քրեական պատասխանատվության է ենթարկվելու, ավելի զգոն կլինի և չի փորձի դիտավորությամբ խուսափել հարկերը վճարելուց: Մեր կարծիքով՝ դա կոշտ կամ կոպիտ մեթոդ չէ, այլ օրինականությունը պահելու մեթոդ է: Նախագծի նպատակը ոչ թե բիզնեսին պատժելը, այլ հարկերը թաքցնելու, չվճարելու արատավոր երևույթը կանխելն է: 

-Պարոն Մնացականյան, հաշվի առնելով նախագծի շուրջ առաջացած դժգոհությունները՝ հնարավո՞ր է ՊԵԿ-ը ձեռնպահ մնա նախագծի ընդունումից կամ գուցե վերանայումներ իրականացնի: Եթե ոչ, ապա ե՞րբ է նախատեսվում նախագծի ընդունումը:

-Սա զուտ նախագիծ է, այն վերջնական չէ: Բնականաբար, պետք է լսենք բոլոր կողմերին, ինչը հիմա արվում է: Նախագիծը դրված է եղել հանրային քննարկման, ստացել ենք բազմաթիվ առաջարկություններ, դժգոհություններ: Դրանք մանրամասն ուսումնասիրելուց հետո, երբ վերջնական կորոշվի, որ ճիշտ ուղու վրա ենք, նոր կներկայացվի կառավարություն, ապա հավանության արժանանալուց հետո՝ Ազգային ժողով: Նախագիծը դեռ քննարկման փուլում է, մենք բաց ենք քննարկումների համար՝ լսելու և՛  քննադատությունները, և՛  առաջարկությունները, և՛  այն խնդիրները, որ կարող են առաջանալ այս նախագծի կիրառման արդյունքում, և դրա արդյունքում խմբագրել ու լավ նախագիծ ունենալ:

Այդ կապակցությամբ առաջիկայում հրավիրված է նաև հասարակական խորհրդի նիստ, որի ժամանակ կհանդիպենք բիզնեսի ներկայացուցիչների, տարբեր շահագրգիռ ՀԿ-ների հետ: Կարծում եմ, որ անգամ մեզ քննադատող գործընկերներն են համաձայն նրա հետ, որ այդ խրախուսական նորմը վերանայելու կարիք կա: Նախագիծը դեռ քննարկման փուլում է: Միգուցե, գործընկերների, քննադատների հետ քննարկումների արդյունքում էլ ավելի լավ կարգավորումներ նախատեսվեն: Օրինակ՝ կարող է առաջին դեպքում խրախուսական նորմը կիրառվի, դրանից հետո, եթե որոշակի ժամկետում կրկնվի արարքը, խրախուսական նորմի կիրառման հնարավորություն չնախատեսվի: Իմ կարծիքով՝ սա վերջնական տեքստը չի, այն խմբագրվելու է: Նախագիծը հետադարձ ուժ ունենալ չի կարող: 

Ընդգծեմ, որ նոր Քրեական օրենսգրքի շրջանակներում այսօր կան համագործակցության և համաձայնեցման վարույթներ: Անձի նկատմամբ ավելի մեղմ պատիժ կիրառելու հնարավորություն կա, եթե գործում է համաձայնության և համագործակցության վարույթում: Քրեական օրենսդրության մեջ կա նաև գործուն զղջում հասկացությունը, որը ևս հնարավորություն է տալիս անձին ազատել պատասխանատվությունից, եթե համագործակցել է, իսկ համագործակցությունը ենթադրում է հարկերը վճարել, վնասը վերականգնել, չխոչընդոտել հանցագործության բացահայտմանը:  

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում