Քաղաքականություն

Վարչապետն անդրադարձել է 44-օրյա պատերազմում Թուրքիայի ունեցած մասնակցության վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

Վարչապետն անդրադարձել է 44-օրյա պատերազմում Թուրքիայի ունեցած մասնակցության վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ տեղերում մեր զինվորականները, հետախուզությունը տեսել է թուրքական դրոշներ, թուրքական զինծառայողներ, Թուրքիայի հատուկ ջոկատայիններ, բարձրաստիճան սպաներ։ 44-օրյա պատերազմին նախորդել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև լայնածավալ զորավարժությունները և պատերազմի ողջ ընթացքում Թուրքիային պատկանող F-16 ինքնաթիռները և անօդաչուները եղել են օդում, սպասարկվել են թուրքական անձնակազմի կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի՝ վերջերս արված հայտարարությանը, որ Անկարան մասնակցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա պատերազմին։

«Ես չէի ուզենա անդրադառնալ նախորդող շրջանի ցավոտ իրադարձություններին, բայց որպեսզի չստացվի, որ շրջանցում կամ անարձագանք եմ թողնում, պիտի ընդամենը մի բան ասեմ, որը նախկինում էլ պաշտոնապես էլ ենք ասել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ տեղերում մեր զինվորականները, հետախուզությունը տեսել է թուրքական դրոշներ, թուրքական զինծառայողներ, Թուրքիայի հատուկ ջոկատայիններ, բարձրաստիճան սպաներ, և եկեք չմոռանանք, որ 44-օրյա պատերազմին նախորդեցին Ադրբեջանի և Թուրքիայի միջև լայնածավալ զորավարժությունները և պատերազմի ողջ ընթացքում Թուրքիային պատկանող F-16 ինքնաթիռները և անօդաչուները եղել են օդում, սպասարկվել են թուրքական անձնակազմի կողմից», - ասաց վարչապետը։

Վարչապետը նշեց, որ հատկապես հիմա չէր ցանկանա այդ մասին խոսել, քանի որ այժմ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում շատ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, որոշակի դրական դինամիկա է նկատվում իր բոլոր խնդիրներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում