Գիտություն

Աղջիկները պետք են գիտությանը և Հայաստանի կայուն ապագային. կայացել է Ֆեմիննոի մրցանակաբաշխությունը

4 րոպեի ընթերցում

Աղջիկները պետք են գիտությանը և Հայաստանի կայուն ապագային. կայացել է Ֆեմիննոի մրցանակաբաշխությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աղջիկները պետք են գիտությանը» կարգախոսն են ընտրել ՖԵՄԻՆՆՈ հարթակի նախաձեռնողներն իրենց նոր ծրագրի համար, որ կոչվում է «STEM/ԳՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն»։ Սա կրթական մրցութային ծրագիր է՝ մասնագիտական կողմնորոշման տարրերով։ Այն ուղղված է STEM/ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտներում դպրոցահասակ աղջիկների հետաքրքրությունը խթանելուն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագրի մասնակցության հայտը լրացրել էր 7-11-րդ դասարաններում սովորող 300-ից ավելի աղջիկ՝ Հայաստանի բոլոր մարզերից, մրցույթը հաղթահարել է 200-ը։ Ցանկանալով մասնակիցների մոտ զարգացնել այնպիսի հմտություններ, ինչպիսիք են անծանոթ միջավայրում աշխատելը և թիմային հարաբերություններ կառուցելը, մրցույթն անցած երեխաներից կազմվել է 25 բազմազան թիմ՝ բազմազան խառը բաշխվածությամբ, յուրաքանչյուրում՝ մինչև 8 մասնակից։ 

«Այս ծրագրի շրջանակում մեր նպատակն է ստեղծել ապահով միջավայր, որտեղ դեռահաս աղջիկները կփորձեն իրենց ուժերը բնագիտական առարկաներում ու պատկերացում կկազմեն ինչպես STEM/ԳՏՃՄ ոլորտների, այնպես էլ այդ ուղղությամբ իրենց ուժեղ կողմերի մասին», - նշել է Ֆեմիննոի հիմնադիր և նախագծի հեղինակ Սեդա Պապոյանը։  

«STEM/ԳՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագրին դիմել էր նաև 60-ից ավելի մենթոր, որից 45-ն ընտրվել են աղջիկների հետ աշխատելու համար։ Յուրաքանչյուր թիմ ունի բնագիտական մասնագիտացմամբ երկու մենթոր, ովքեր ամառվա ամիսներին աջակցել են աղջիկներին մտահղանալու, զարգացնելու և ավարտին հասցնելու իրենց նախագծերը։ Թիմերի նախագծային աշխատանքները հիմնված են միջառարկայական կապերի վրա՝ նպատակ ունենալով սովորեցնել նրանց տարբեր գիտությունների միջև կապեր գտնել և փնտրել նորարար լուծումներ։

Ծրագրի մրցութային բնույթը թույլ է տալիս մասնակիցների մեջ խրախուսել մրցակցությունը և դրա հիման վրա՝ առավել մեծ ջանքեր ներդնելով արդյունքի հասնելու ձգտումը։ Ամռան երկու ամիսների ընթացքում աղջիկներն անցել են 40 ժամանոց առցանց անվճար ուսումնական ծրագիր, որի ընթացքում էլ իրականացրել են իրենց նախագծային աշխատանքները։ Նրանք նաև ունեցել են հավելյալ դասեր իրենց հետաքրքրող տարբեր թեմաներով։

«STEM/ԳՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագրի իրականացմանն աջակցել է ամերիկյան Հենրի Լյուս հիմնադրամը, իսկ բուն մրցանակաբաշխության փուլին աջակցելու համար կազմակերպիչները փնտրում են տեղական գործընկերների։ 

«Մենք հիացած ենք՝ տեսնելով Հայաստանի մեծ ու փոքր համայնքները ներկայացնող մասնակից աղջիկների սովորելու պատրաստակամությունը։ Նրանցից շատերն արդեն որոշել են ընտրել մասնագիտություն հենց STEM/ԳՏՃՄ ոլորտներում, ինչը նոր ներուժ ու հեռանկարներ է խոստանում մեր երկրին», - նշել է Սեդա Պապոյանը՝ պատմելով, որ այս տարի Ֆեմիննո երեւանյան կոնֆերանսի բացման ժամանակ առիթ էին ստեղծել, որ ծրագրի մի խումբ մասնակիցներ ներկայանան միջազգային հանդիսատեսին և պատմեն իրենց նախագծային աշխատանքների մասին։ 

Սեպտեմբերի 28-ին կայացել է ամփոփիչ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մասնագիտական հանձնաժողովը գնահատել է աղջիկների նախագծերը, ընտրել տարբեր անվանակարգերում հաղթող թիմերին և հանձնել մրցանակներ։ Ֆեմիննոի թիմը նախատեսում է «STEM/ԳՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագիրը դարձնել ամենամյա։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում