Մերձավոր Արևելք

Բորելը Գազայում եռօրյա հրադադարի կոչ է արել՝ պոլիոմիելիտի դեմ պատվաստումների համար

2 րոպեի ընթերցում

Բորելը Գազայում եռօրյա հրադադարի կոչ է արել՝ պոլիոմիելիտի դեմ պատվաստումների համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության  դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել Գազայի հատվածում անհապաղ եռօրյա հրադադար հաստատել՝ երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ կատարելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ 

«Պոլիոմիելիտի արագ տարածումն սպառնում է Գազայի բոլոր երեխաներին, որոնք արդեն ուժասպառ են եղել տեղահանության, զրկանքների և թերսնման պատճառով: Կոչ եմ անում անհապաղ հրադադար հաստատել երեք օրով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից պատվաստումներ իրականացնելու համար՝ անկախ ավելի լայն բանակցություններից», - գրել է Բորելը։

Օգոստոսի 16-ին Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածի կենտրոնական մասում գրանցվել է պոլիոմիելիտի առաջին հաստատված դեպքը 10 ամսական երեխայի մոտ։ Դրանից մի քանի ժամ առաջ ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համատեղ հայտարարությամբ հայտնել էին Գազայում պոլիոմիելիտի դեմ պատվաստման երկփուլ արշավի մասին. այն տեղի կունենա օգոստոսի վերջին և սեպտեմբերին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն օգոստոսի 27-ին հայտարարել է, որ ՄԱԿ-ը նախապատրաստում է Գազայի հատվածում 11 բժշկական կենտրոնների աշխատանքը, որոնցում կիրականացվեն պատվաստումներ։ Նրա գնահատմամբ՝ պատվաստում կստանա մինչև 10 տարեկան ավելի քան 640 000 երեխա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում