Աշխարհ

Կարմիր ծովում շարունակում է այրվել հութիների կողմից գրոհի ենթարկված հունական լցանավը

2 րոպեի ընթերցում

Կարմիր ծովում շարունակում է այրվել հութիների կողմից գրոհի ենթարկված հունական լցանավը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր ծովում շարունակվում է օգոստոսի 21-ին գնդակոծված հունական Sounion լցանավում բռնկված հրդեհը. նավթի արտահոսք չի դիտվում, սակայն իրավիճակը վտանգավոր է շրջակա միջավայրի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության ծովային հրամանատարության մամուլի տեղեկագիրը:

«Մենք առայժմ նավթի արտահոսքի ակնհայտ նշաններ չենք տեսնում», - հայտարարել է հրամանատարությունը:

Զինվորականների կողմից հրապարակված նյութերում հրդեհի օջախներ կարելի է նկատել լցանավի տախտակամածի առնվազն ինը կետում։

Այս հարձակումը վերջին շաբաթներին ամենախաշորն է Եմենի հութիների կողմից, որոնք շարունակում են թիրախավորել Կարմիր ծովով անցնող նավերը՝ պահանջելով, որ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

Եմենի Հոդեյդա նավահանգստի մոտ օգոստոսի 21-ին գնդակոծված Sounion նավում գտնվում էր Ռուսաստանի 2 քաղաքացի և 23 ֆիլիպինցի։ Նրանց փրկել է օգնության հասած ֆրանսիական էսկադրային ականակիրը։

Հութիները հայտարարել են, որ գրոհել են նավի վրա, քանի որ այն պատկանում է Իսրայելի հետ համագործակցող ընկերությանը: Նավը տեղափոխում էր 150 հազար տոննա իրաքյան նավթ։

Եմենի հութիները Կարմիր ծովում նավերի վրա են գրոհում` ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պատասխանում են՝ պարբերաբար հարվածներ հասցնելով Եմենում հութիների օբյեկտներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում