Ճապոնիան Չինաստանին մեղադրել է իր օդային տարածությունը խախտելու մեջ
1 րոպեի ընթերցում
![Ճապոնիան Չինաստանին մեղադրել է իր օդային տարածությունը խախտելու մեջ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/26/BVb9phmsVEYLpRp1fJ4vwZXOJXP90hpxB8jHumdd.webp)
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանի ռազմաօդային ուժերին պատկանող հետախուզական ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
Ըստ գործակալության՝ նման բան տեղի է ունենում առաջին անգամ, չնայած Չինաստանը մի քանի անգամ խախտել է Ճապոնիայի ջրային սահմանը։
Ճապոնիայի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ չինական Y-9 հետախուզական ինքնաթիռը երկրի օդային տարածություն է մտել Արևելաչինական ծովի Նագասակի պրեֆեկտուրայի Դանձյո կղզիների վրայով և այնտեղ է գտնվել շուրջ երկու րոպե։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին, տեղական ժամանակով 11:29-ին։
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերն օդ են բարձրացրել իրենց կործանիչները:
Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարարը կանչել է Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և խիստ բողոք հայտնել նրան։