Մշակույթ

«Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ցուցահանդեսը` Ասլամազյան քույրերի պատկերասրահում

3 րոպեի ընթերցում

«Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ցուցահանդեսը` Ասլամազյան քույրերի պատկերասրահում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց «Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» խորագրով ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  նախաձեռնությունն «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամինն է և նվիրված  է հայկական լավաշը 2014թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկելու 10-ամյակին:

«Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագրին մասնակցել է 15 գեղանկարիչ՝ Գյումրի, Վանաձոր և Աբովյան քաղաքներից, Լեռնային Ղարաբաղից, Այնթափ գյուղից: Նկարիչներն արձագանքել էին հիմնադրամի առաջարկին և մեկ ամսում ստեղծել կտավներ, որտեղ հիմնականում ներկայացված են տեսարաններ լավաշի թխման գործընթացից:

d7a195b2-ccf4-4b5d-95a5-3d1e4363dbf8.jpg

Երկրորդ տարին է, որ հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, կազմակերպում է փառատոն, որի նպատակը հայկական լավաշի և հացթուխներով հայտնի Շիրակի մարզի Արևիկ գյուղի հանրահռչակումն է: Այս տարի ծրագիրը փառատոնայինից զատ իր մեջ ներառել էր նաև լավաշի թխման երկամսյա վարպետաց դասեր Շիրակի մարզի Արևիկ, Հայկավան, Նոր Կյանք գյուղերում, ինչպես նաև համագործակցություն գեղանկարիչների հետ՝ ՀՀ տարբեր բնակավայրերից:

«Թոնրատան ջերմությունն ու լավաշի բույրն ասֆալտի վրա չես վայելի: Աշխարհում կան բաներ, որոնց հետ իրապես առնչվելու համար հարկ է, որ հասնես գյուղ։ Մենք այդ բացը անցած ամիսներին փորձել ենք լրացնել հացաթխման երկամսյա դասերով և, որքան էլ տարօրինակ հնչի` գեղանկարչության միջոցով: Համոզված եմ, որ այս կտավները դիտելուց հետո շատերի մոտ ցանկություն կառաջանա գյուղ գնալ` տեղում հացաթխում տեսնելու: Ի վերջո, իրական լավաշը թոնրի ծնունդ է, ոչ թե՝ էլեկտրական վառարանի: Գյուղերում թոնիրում լավաշ թխելու ավանդույթի պահպանումը միայն գյուղում ապրողի հոգսը չէ, քաղաքաբնակներս էլ պիտի ջանքեր ներդնենք: Լավաշի թեմայով գեղանկարների ստեղծումը, որով հիմք է դրվելու լավաշի մասին պատմող ցուցասրահի, այդ քայլերից մեկն է»,-ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին` նշեց «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամին տնօրեն Երանուհի Սողոյանը:

«Ես համարում եմ, որ սա շատ կարևոր ծրագիր է: Մենք մեր նյութական ու ոչ նյութական աժեքները ոչ միայն պիտի ձևական՝ պարզապես խոսելով հռչակենք, այլ գործուն քայլերով»,-հավելեց Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը:

2024   թվականի հուլիսի 21-ին Արևիկ գյուղում կայացած «Լավաշի կախարդանքը» փառատոնի ժամանակ տեղի ունեցավ 20 կտավի բացօթյա ցուցադրություն: Հավաքածուից 16 կտավ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը կցուցադրվեն Ասլամազյան քույրերի պատկերասրահում: 

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում