Մշակույթ

Թանգարանները հասանելի կլինեն մեկ հարթակում. գործարկվել է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը

5 րոպեի ընթերցում

Թանգարանները հասանելի կլինեն մեկ հարթակում. գործարկվել է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանգարաններն այսուհետ հասանելի են մեկ հարթակում.  Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 21-ին բացվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրության տոմսերի վաճառքի մեկնարկով գործարկվեց էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսուհետ այցելուները կարող են ձեռք բերել թանգարանային տոմսերն առցանց՝ մուտք գործելով museumsarmenia.am կայք: Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը բաղկացած է տոմսերի վաճառքի և մուտքի հասանելիության վերահսկման ու կառավարման բաղադրիչներից: 

 Համակարգում այս պահին ընդգրկված են ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գտնվող 19 թանգարաններ, սակայն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խոսքով՝ առաջիկայում այն կարող է համալրվել. հարթակին կարող են միանալ բոլոր համայնքային և ոչ պետական թանգարանները  

Անդրեասյանը, կարևորելով նման հարթակի ներդրումն, ընդգծեց, որ այն մի ամբողջական գործիք է, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս մեկ հարթակից ստանալ  ամբողջական տեղեկատվություն  թանգարանների, արգելոցների, ժամանակավոր ցուցադրությունների և ծրագրերի մասին ու միանգամից տոմս գնել:  

«Այն նաև աշխատանքային գործիք է, որով թանգարանները կարող են կազմակերպել իրենց առօրյա գործառնությունները, պլանավորել իրենց աշխատանքը, իսկ նախարարությունն էլ ստանում է հնարավորություն վերլուծել այդ ամբողջ տվյալները և քաղաքականության մշակումը իրականացնել էլ ավելի ինֆորմացված դաշտում՝  տեսնելով, թե ո՞ր թանգարաններն ունեն հավելյալ աշխատանքի կարիք իրենց հանրահռչակման իմաստով, ո՞ր ցուցադրություններն ավելի մեծ պահանջարկ ունեն և ո՞ր  խմբերին ուղղված քաղաքականությունն է պետք բարելավել»,-նշեց նախարարը:

Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրել է 78 մլն դրամ՝ Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ծրագրի մշակման, ներդրման և տեխնիկական սարքավորումների ձեռքբերման և տեղադրման նպատակով: 

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ուրախությամբ նշեց՝ շատ հատկանշական է, որ  կայքի գործարկումը մեկնարկեց «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրության տոմսերի վաճառքով՝ հավելելով, որ սա թանգարանային ոլորտում նոր մշակույթի ձևավորման սկիզբ է:

«Մեզ համար սա շատ կարևոր է, և, կարծում եմ, օգտակար կլինի նաև այցելուների համար: Ամեն համակարգ իր հետ բերելու է շատ դրական կողմեր, նաև պետք է ընթացքում ներդրվի նոր փորձառություն: Այս առումով, միգուցե, ժամանակ է անհրաժեշտ, որ համակարգը գործարկվի աշխատանքային գործընթացում և ընթացքում հասկանանք դրա առավելությունները և նաև այն դաշտերը, որոնք անհրաժեշտ է զարգացնել»,-նշեց Պողոսյանը:

«WebEx Technologies» ընկերության տնօրեն Հայկ Առաքելյանը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, նշեց՝ մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգը հայալեզու կայք է, որը նախատեսված է ընդհանուր ղեկավարման համար: Հարթակի միջոցով կարելի է ստեղծել օգտագործողների և կառավարողների էջեր, թանգարանների և մասնաճյուղերի անհատական հաշիվներ, կառավարման, տարատեսակ ցուցադրությունների և այլ ծրագրերի տոմսերի, գնային զեղչերի սահմանման, խմբագրման, ինչպես նաև հերթագրման առցանց հնարավորություններ: 

«Մուտքի վերահսկման  սարքավորումները ձեռք բերելու նպատակով մենք այցելել ենք մի քանի երկիր, ուսումնասիրել և ընտրել ենք լավագույն տարբերակները, որոնք Հայաստանում չկան: Կայքը շատ պարզ է, քաղաքացիներին հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Կայքը ներառում է թանգարանների մասին մանրամասն նկարագրություն, կան առանձնացված միջոցառումներ ամեն թանգարանի տակ և տոմս գնելու տարբերակներ, այսինքն՝ դուք կարող եք գնել թանգարանի տոմս, միջոցառման տոմս, ինչպես նաև մի քանի թանգարանների տոմսեր՝ մեկ տոմսով»,-ասաց Առաքելյանը: 

Անդրադառնալով տոմսերի վաճառքներին՝ մասնագետը նշեց, որ ներդրվել են աբոնեմենտային տոմսեր և արագ տոմս գնելու համակարգ:  30-40 վայրկյանում քաղաքացին կկարողանա ձեռք բերել իր ցանկացած տոմսը: 

Ըստ համակարգը ներդնող ընկերության տնօրենի՝ տեխնիկական սարքավորումների տեղադրման աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում