Միացյալ Նահանգներ

Քամալա Հարիսն ամփոփել է դեմոկրատների համագումարը՝ Գազայում պատերազմի ավարտի կոչ անելով

2 րոպեի ընթերցում

Քամալա Հարիսն ամփոփել է դեմոկրատների համագումարը՝ Գազայում պատերազմի ավարտի կոչ անելով

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի վերջում պաշտոնապես ընդունելով իր առաջադրումը նախագահի պաշտոնի համար, խոստացել է լինել նախագահ բոլոր ամերիկացիների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Ըստ Հարիսի՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններն ամենակարևորն են ամերիկացիների կյանքում։ Նա նշել է, որ իր մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփի ևս մեկ նախագահությունը «չափազանց լուրջ» հետևանքներ կունենա երկրի համար։ Հարիսը նաև խոստացել է կրճատել հարկերը միջին դասի համար, մեծացնել սահմանային անվտանգությունը և պաշտպանել հղիությունն ընդհատելու՝ կանանց իրավունքը։

Հարիսը նաև անդրադարձել է արտաքին քաղաքականությանը՝ կոչ անելով Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ համաձայնագրի անհապաղ կնքման։ Նա նշել է, որ երկրի նախագահ Ջո Բայդենի հետ աշխատում է շուրջօրյա, որպեսզի հասնի պատերազմի դադարեցման։ Համագումարի չորս օրերի ընթացքում պաղեստինամետ ակտիվիստները ցույց էին անցկացնում՝ այդ թվում դեմ արտահայտվելով ամերիկյան ռազմական աջակցությանն Իսրայելին։

ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ նախագահի պաշտոնում կկանգնի Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողքին։ 

Չիկագոյում չորս օր շարունակվող համագումարի ընթացքում Հարիսին իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ նախկին նախագահներ և առաջին տիկիններ Բարաք և Միշել Օբամաները, Բիլ և Հիլարի Քլինթոնները:

Հարիսն առաջին սևամորթ և ասիացի ամերիկացին է, որն առաջադրվում է նախագահի պաշտոնի համար։ Հաղթելու դեպքում նա կդառնա առաջին կին և հնդիկ նախագահը։ 

Այնուամենայնիվ, ըստ հարցումների արդյունքների, բավական լարված պայքար է սպասվում, քանի որ Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը ընտրվելու գրեթե հավասար շանսեր ունեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում