Իրավունք

Մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված 53 կգ թմրամիջոցներից իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձի դրվագ է բացահայտվել. ՔԿ

4 րոպեի ընթերցում

Մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված 53 կգ թմրամիջոցներից իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձի դրվագ է բացահայտվել. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հիմնավորվել է մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված 53 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներից առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի՝ իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձի  դրվագը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք մանրամասներ, այդ թվում՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, հանցավոր շղթայում ներգրավված անձանցից ևս երկուսի ինքնությունը, որոնցից մեկն Իրանի քաղաքացի է, մյուսը՝ Երևան քաղաքի 23-ամյա բնակիչ:

«Իրանի քաղաքացին, շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, նախնական համաձայնություն է ձեռք բերել ի թիվս այլոց՝ նաև տելեգրամյան էջի օգտատիրոջ և քննությամբ  դեռևս չպարզված այլ անձանց հետ։ Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նա ապահովել է ՀՀ պետական սահմանով մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա» և այլ տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ տարածք: 

Այնուհետև Իրանի քաղաքացին Հայաստանում բնակվող իր ծանոթին հայտնել է իր հանցավոր մտադրության մասին և թմրամիջոցներն այլ վայր տեղափոխելու, տարբեր թաքստոցներում տեղադրելու, տեղադրման վայրերը լուսանկարելու և դրանք իրեն ուղարկելու համար խոստացել և տրամադրել է դրամական աջակցություն՝ այդկերպ շահագրգռելով վերջինիս»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իրանի քաղաքացին վերը նշված եղանակով ապօրինի Հայաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 1կգ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը նրա հանձնարարությամբ հիշյալ ծանոթը տեղադրել է թաքստոցում և տեղադրման վայրի լուսանկարներն ուղարկել նրան:

Վերջինս իր հերթին ստացված լուսանկարներն ուղարկել է խմբի կազմում ընգրկված անձանց, այդ թվում՝ տելեգրամյան մի էջի օգտատիրոջ, ով իր հերթին դրանք ուղարկել է Երևան քաղաքի 23-ամյա բնակչին: Վերջինս, ստացված լուսանկարներից պարզելով թմրամիջոցի թաքստոցի գտնվելու վայրը, մեկնել է այնտեղ, հայտնաբերել տեղադրված թմրամիջոցի փաթեթները և փորձել է վերցնել դրանք, սակայն ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի 23-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալնավորումը:

23-ամյա երիտասարդի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Քննչական կոմիտեից նշում են, որ Իրանի նշված քաղաքացու կողմից մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված շուրջ 53 կգ թմրամիջոցներին առնչվող քրեական վարույթից անջատվել և արդեն իսկ դատարան է ուղարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթայում ներգրավված 8 անձի վերաբերյալ քրեական մի քանի վարույթ։ Դրանցից միայն մեկով հիմնավորվել էր իրացման նպատակով ընդհանուր 43 կգ չափով տարբեր թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձը։ 

Հանցավոր շղթայում ընդգրկված մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում