Քաղաքականություն

Իսրայելի ու «Հեզբոլլահ»-ի միջև բախումների գոտին հեռու է հայաբնակ բնակավայրերից. Լիբանանի «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրեն

6 րոպեի ընթերցում

Իսրայելի ու «Հեզբոլլահ»-ի միջև բախումների գոտին հեռու է հայաբնակ բնակավայրերից. Լիբանանի «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախորդ ամիսներին «Հեզբոլլահի» և իսրայելական բանակի միջև տեղի ունեցած բախումները դեռ մնում են չափի մեջ և կրում լոկալ բնույթ՝ ի հակառակ սպառնալիքներով լի քարոզչությանը, որն իրականացվում է տարբեր ուղղություններով, բայց իրականում հակամարտությունը շարունակում է մնալ այն ծավալների մեջ, որն առկա է վերջին շրջանում։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Լիբանանի «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրեն Վիգեն Ավագյանը՝ անդրադառնալով իսրայելական բանակի կողմից Լիբանանի հարավային մի քանի բնակավայրերի հրթիռակոծությանը։ 

«Հաճախ տեսնում ենք փոխհրաձգություններ, սահմանային բնակավայրերին երկուստեք հասցվող հարվածներ, սակայն խաղի կանոնները չեն փոխվում և հակամարտության յուրաքանչյուր կողմ փորձում է հետևել այդ կանոններին՝ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից։ Չնայած պարբերաբար տեղի են ունենում հրթիռակոծումներ՝ կյանքն ընթանում է իր հունով և հակամարտության հարավային գոտուց հեռու բնակվող մարդիկ զբաղված են առօրյա հոգսերով։ Այդուհանդերձ, կա մտավախություն, որ ապագայում ինչ-որ պահի հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից ու վերածվել հավանական մեծ պայթյունի»,-ասաց Ավագյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ Իսրայելը վերջին օրերին իր ուշադրությունը Գազայի հատվածից սևեռել է Լիբանանի հարավի վրա։ Ավագյանի բնորոշմամբ՝ Իսրայելի վարչապետն անկանխատեսելի քաղաքական գործիչ է և միշտ ցանկանում է առաջ մղել իր ռազմատենչ քաղաքականությունը, ուստի դաշնակից գերտերությունների կողմից կանաչ լույս ստանալու դեպքում կարող է դիմել լայնամասշտաբ պատերազմական գործողությունների։

«Այս պահին գերտերությունները հսկայական զինուժ են կուտակել Մերձավոր Արևելքում՝ թե՛ Միջերկրական ծովում, թե՛ շրջակայքում։ Արդեն խոսում են ամերիկյան 30 հազար զինվորականներից բաղկացած խմբավորման մասին, որը տեղակայվել է տարածաշրջանում՝ Իսրայելին պաշտպանելու և հնարավոր մեծ էսկալացիայի դեպքում նրա թիկունքին կանգնելու նպատակով։ Բոլորը սպասողական վիճակում են, քանի որ Կահիրեում տեղի ունեցած բանակցությունները ձախողվել են։ Թեև Իսրայելը ծանր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, սակայն այս պահին գերիշխում է մեծ էսկալացիան բացառելու ձգտումը, որովհետև Թել-Ավիվի դաշնակիցներին ու մյուս գերտերություններին ձեռնտու չէ հակամարտության տարածումը, և ժամանակն էլ պատեհ չէ դրա համար, ուստի ԱՄՆ-ն ձգտում է ամեն կերպ ազդել Իսրայելի վրա և զսպել նրա նկրտումները։ Իսրայելում էլ կան շրջանակներ, որոնք կարծում են, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում իրենց երկիրը վճարելու է բավականին թանկ գին»,- նշեց Լիբանանի «Վանա ձայն» հայկական ռադիոկայանի տնօրենը։

Ավագյանի կարծիքով՝ Լիբանանի դեմ սանձազերծվելիք հնարավոր պատերազմն ամենևին չի նմանվի Գազայի հատվածում տեղի ունեցած մարտական գործողություններին, որովհետև ուժերի հաշվեկշիռը տարբեր է, ինչպես նաև տարբեր են դիմադրության աստիճանն ու պայմանները, ուստի, հաշվի առնելով այդ հանգամանքը, շատերն ուղղակի անհավանական են համարում ավելի մեծ էսկալացիան և նշում, որ կշարունակվեն միայն լոկալ բնույթի սահմանային հարվածներն ու հակահարվածները։ 

«Լիբանանն ունի նման ճգնաժամային իրավիճակներին դիմակայելու փորձառություն։ Ներլիբանանյան շրջանակները՝ ներառյալ քաղաքական դաշտն ու զանգվածային լրատվամիջոցները, միակամ են իրենց կարծիքներում։ Այդուհանդերձ, եթե Իսրայելը հարձակվի մեր երկրի վրա, լիբանանյան բանակը կհակազդի և ժողովուրդն էլ թև ու թիկունք կլինի նրան։ Ցամաքային ներխուժման պարագայում «Հեզբոլլահը» նույնպես իր գործողությունները կհամադրի լիբանանյան բանակի ու համաժողովրդական դիմակայության հետ»,- ասաց մեր զրուցակիցը։   

Անդրադառնալով այն հարցին, թե ստեղծված իրավիճակն ինչպե՞ս է ազդում տեղի հայկական համայնքի վրա՝ Ավագյանն ընդգծեց, որ բնակիչներին առավելապես մտահոգում է տնտեսական ճգնաժամը։

«Մարդիկ կարող են պաշտպանվել ռումբերից, հրթիռակոծություններից, սակայն տնտեսական պատերազմը ծանր ազդեցություն է ունեցել նաև հայկական համայնքի ու նրա կառույցների կենսագործունեության վրա։ Անցած 30-40 տարիների ընթացքում լիբանանահայությունը ձեռք է բերել ճգնաժամերին դիմակայելու և նման իրավիճակներում ինքնակազմակերպվելու փորձառություն։ Ունի ներքին կառույցներ, ղեկավար մարմիններ, կուսակցություններ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, հետևաբար անտեր չէ։ Բնականաբար, իրադրությունը ծանր է, սակայն, բարեբախտաբար, բախումների գոտին հեռու է հայաբնակ շրջաններից և առանձին քաղաքների հայահոծ թաղամասերը վտանգված չեն։ Առավել մտահոգիչ են տնտեսական տագնապները, որոնք սրվում են սոցիալական խնդիրների առկայությամբ»,- ասաց Ավագյանը։

Նա տեղեկացրեց, որ լիբանանահայության մեծ մասը տակավին մնում է երկրում։ Համայնքը նախորդ տարիներին դիմացավ հաջորդական հարվածներին՝ նավահանգստի պայթյունին, տնտեսական ու բանկային ճգնաժամին, ազգային դրամի արժեզրկմանը և մտադիր է շարունակել իր կենսագործունեությունը Լիբանանում։ Իհարկե, կան տեղաբնակ հայեր, հատկապես երիտասարդների շրջանում, որոնք տնտեսական պատճառներով և աշխատանքի փնտրտուքով մեկնում են արտասահման, սակայն Լիբանանից հայերի զանգվածային արտագաղթ չկա։      

Մանվել Մարգարյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում