Աշխարհ

ՄԱԿ-ը երկրներին կոչ է արել 18,5 մլն դոլար հատկացնել Աֆրիկայում կապկի ծաղկի դեմ պայքարի համար

3 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը երկրներին կոչ է արել 18,5 մլն դոլար հատկացնել Աֆրիկայում կապկի ծաղկի դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) համաշխարհային հանրությանը կոչ է արել 18,5 մլն դոլար հատկացնել mpox (կապկի ծաղիկ) վիրուսի տարածման դեմ պայքարի ծրագրի իրականացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է կազմակերպության կայքում տարածված հաղորդագրության մեջ։

«Միգրացիայի միջազգային կազմակերպությունը կոչ է անում անհրաժեշտ բժշկական ծառայություններ տրամադրելու համար 18,5 միլիոն դոլար տրամադրել Աֆրիկյան եղջյուրի (Սոմալի թերակղզի) երկրներում, Արևելյան Աֆրիկայում և Հարավային Աֆրիկայում գտնվող միգրանտներին, ներքին տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքներին՝ կապկի ծաղկի տարածման վտանգի պատճառով», - ասվում է հաղորդագրության մեջ։ 

ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն Էմի Փոուփի խոսքով՝ այդ հիվանդության տարածումն Աֆրիկայի երկրներում առանձնահատուկ վտանգ է ներկայացնում միգրանտների և տեղահանված անձանց համար՝ վատ կենսապայմանների և տարբեր երկրներ կանոնավոր տեղաշարժի պատճառով: Այդ ամենը հաշվի առնելով՝ կազմակերպությունը մշակել է ծրագիր, որը նախատեսում է միգրանտների շրջանում կապկի ծաղկի վարակի տարածումը կանխելու, «բարձր ռիսկային գոտիները» բացահայտելու, ինչպես նաև տարբեր երկրներում առողջապահության ոլորտի աշխատողներին աջակցելու միջոցներ:

ՄՄԿ-ն հիշեցնում է, որ միայն Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում mpox-ի կասկածվող դեպքերի թիվը ներկայում գերազանցում է 15 000-ը. դրանց թվում արձանագրվել է 537 մահ: Հիվանդության այլ դեպքեր են գրանցվել Բուրունդիում, Քենիայում, Ռուանդայում, Ուգանդայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

Mpox-ը վիրուսային հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում Աֆրիկայի կենտրոնի և արևմուտքի հեռավոր շրջաններում՝ արևադարձային անտառների մոտ: Այդ հիվանդության՝ կենդանուց մարդուն փոխանցման առաջին դեպքը գրանցվել է 1970 թվականին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) օգոստոսի 14-ին mpox-ի նոր բռնկումը հայտարարեց «արտակարգ իրավիճակ առողջապահության բնագավառում, որը միջազգային նշանակություն ունի»: 

Mpox-ի նոր տեսակը հայտնաբերվել է Ֆիլիպիններում, Շվեդիայում, Պակիստանում։ Ավստրալիայում ևս գրանցվել են դեպքեր, սակայն այնտեղ հայտնաբերված շտամը տարբերվում է  Աֆրիկայում հայտնաբերվածից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում