Հայաստան

Գյուղատնտեսական համատարած հաշվառումը կընդգրկի բոլոր համայնքներն ու բնակավայրերի տնտեսվարողներին

6 րոպեի ընթերցում

Գյուղատնտեսական համատարած հաշվառումը կընդգրկի բոլոր համայնքներն ու բնակավայրերի տնտեսվարողներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-31-ը նախատեսվող գյուղատնտեսական համատարած հաշվառումը կընդգրկի 71 խոշորացված համայնք՝ մոտ 900 բնակավայրերով։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց   ՀՀ վիճակագրական կոմիտեի Գյուղատնտեսության և պարենային ապահովության վիճակագրության բաժնի պետ Արսեն Ավագյանը՝ ներկայացնելով վերոնշյալ հաշվառման համար իրականացվող աշխատանքները։

«Նախքան բուն դաշտային աշխատանքները՝ գործընթացը պայմանականորեն բաժանվել է երեք փուլի. առաջին փուլը նախապատրաստական աշխատանքներն են, որի շրջանակներում իրականացվել են բնակավայրերում տնտեսությունների ցուցակագրում։ Մինչև 2000 բնակչություն ունեցող բնակավայրերում ցուցակագրումն իրականացրել են վարչական ղեկավարները, իսկ ավելի մեծաթիվ բնակչության դեպքում՝ վարձել ենք ցուցակագրողներ։ 

Նախապատրաստական փուլում աշխատակիցները պետք է բաժանեն տարածքները հաշվային, հրահանգչական տեղամասերի։ Այս փուլում լինելու է նաև մասնագետների ընտրություն, վերապատրաստում և աշխատանքներում ընդգրկում։

Երկրորդ փուլը բուն համատարած հաշվառման անցկացումն է։ Այդ շրջանակներում հաշվարարներն այցելելու են տնտեսություններ և պայմանավորվեն հանդիպման օր ու ժամ՝ հարցաթերթի լրացման նպատակով։ Այնուհետև, 3-4 օրվա ընթացքում կլինեն վերահսկիչ ստուգայցեր։ 

Վերջին փուլը փաստաթղթերի հանձնում- ընդունումն է»,-ներկայացրեց Ավագյանը։

Նրա խոսքով՝  գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքներն իրականացնելու նպատակով նախատեսվում է ընդգրկել 4474 հաշվարար, ինչպես նաև՝ 895 հրահանգիչ, որոնցից յուրաքանչյուրը վերահսկելու է մոտ 4-5 հաշվային տեղամաս։

«Հաշվարարները չպետք է լինեն ֆիսկալ կամ կվազիֆիսկալ մարմինների ներկայացուցիչներ, օրինակ՝ հարկային մարմնի, կոմունալ ծառայությունների աշխատակիցներ։ Կարող են լինել, օրինակ, տվյալ բնակավայրի ուսուցիչներ, բժիշկներ, ուսանողներ:

Հարցաթերթերը ներբեռնվելու են պլանշետներում, և հաշվարարները դրանցով այցելելու են համապատասխան տնտեսություններ և լրացնեն նրանց վերաբերող հարցաթերթը»,- մանրամասնեց բաժնի պետը։

Աշխատանքների ամբողջական համակարգման նպատակով Վիճակագրական կոմիտեի կազմում ձևավորվել է Գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչություն։

Մեր զրուցակիցը նշեց, որ  ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի համապատասխան որոշման համաձայն՝ հաստատվել է Գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման ժամանակահատվածը և իրականացման փուլերը։ Նույն որոշմամբ ձևավորվել են նաև հանրապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ, որոնք պետք է աջակցեն Վիճակագրական կոմիտեին՝ տեղերում գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացման գործընթացում։ 

Ներկայում ձևավորվել է համապատասխան հարցաշար, որը հաստատվել է Կառավարության կողմից։ Այն հիմք կհանդիսանա համատարած հաշվառման հարցաթերթի համար։ Ըստ այդմ՝  հաշվարարներն այցելելու են գյուղատնտեսությամբ զբաղվող իրավաբանական ու ֆիզիկական անձանց՝ լրացնելով  հարցաթերթը։

Ավագյանը պարզաբանեց, որ գյուղատնտեսական համատարած հաշվառումն իրենից ներկայացնում է գյուղատնտեսության կառուցվածքի վերաբերյալ համապարփակ, ամբողջական տեղեկատվության հավաքագրում, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների, մշակաբույսերի ցանքատարածքների, անասնագլխաքանակի, գյուղտեխնիկայի առկայության, քանակի, սարքինության, գյուղատնտեսական շենք-շինությունների վերաբերյալ տվյալներ և այլն։ 

Հաշվառման ժամանակ իրավաբանական և ֆիզիկական անձանցից հավաքված տվյալները, համապատասխան օրենքի համաձայն, գաղտնի են համարվում և հրապարակվում են միայն ընդհանրացված տեսքով։ 

Հավաքագրված տվյալներն օգտագործվում են, օրինակ, աղքատության վերաբերյալ վիճակագրությունը կանոնակարգելու կամ տվյալներ ստանալու, պարենային անվտանգության դիտազննման, համապատասխան քաղաքականություն մշակելու, գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ վիճակագրությունը բարելավելու համար։ Բացի այդ, կձևավորվեն գյուղատնտեսությամբ զբաղվողների ամբողջական ռեգիստրներ, կբացահայտվեն գյուղատնտեսական ենթակառուցվածքների փոփոխությունների միտումները։ 

Անդրադառնալով նախատեսվող գյուղատնտեսական համատարած հաշվառման տարբերությանը նախորդից՝ Ավագյանն ընդգծեց՝ գլխավոր առանձնահատկություն այն է, որ այս անգամ անցկացվելու է էլեկտրոնային հարցաթերթով, իսկ դրանում  ներառված ցուցանիշները, ցանկերն ու հարցերը համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կառույցի նոր ուղեցույցներին։

ՄԱԿ անդամ յուրաքանչյուր պետություն, ըստ կազմակերպության համապատասխան ուղեցույցների, առնվազն 10 տարին մեկ պետք է անցկացնի գյուղատնտեսական համատարած հաշվառում։ Հայաստանի Հանրապետությունում նախորդ նման համապետական միջոցառումն իրականացվել է 2014 թվականին։

Վան Նովիկով

Լուսանկարիչ՝ Հայկ Հարությունյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում