Տնտեսություն

Yandex Go-ն օգտատերերին կփոխհատուցի ուղևորությունների արժեքը` ապրիլի 24-ի ակցիայի շրջանակներում. ՄՊՀ

2 րոպեի ընթերցում

Yandex Go-ն օգտատերերին կփոխհատուցի ուղևորությունների արժեքը` ապրիլի 24-ի ակցիայի շրջանակներում. ՄՊՀ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օգտատերերից ստացել է հարցումներ՝ 2024 թվականի ապրիլի 24-ին Երևանում Yandex Go-ի իրականացրած ակցիայի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից: 

Համաձայն հայտարարված պայմանների՝ «Ստարտ» սակագնով բոլոր ուղևորությունները, որոնց վերջնակետը հանդիսանում էր Ծիծեռնակաբերդի բարձունքը, պետք է արժենային խորհրդանշական 1 դրամ, իսկ վարորդները ստանային դրա արժեքի ամբողջական փոխհատուցում։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում, օգտատերերից գանձվել է ուղևորության ամբողջ արժեքը: Օրինակ՝ վճարովի սպասելավարձի, տարբեր պատճառներով ուղևորությունը փաստացի նշված վերջնակետից մեծ հեռավորության վրա ավարտելու կամ որոշ վարորդների կողմից ուղևորության ամբողջական գումարը գանձելու պատճառներով: 

ՄՊՀ-ն ուսումնասիրել է բարձրացված հարցերը, կապ է հաստատել Yandex Go ծառայության հետ: Ծառայությունը քննություն է իրականացրել և պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել օգտատերերին նման ուղևորությունների արժեքը և նախատեսում է առաջիկայում նման փոխհատուցում իրականացնել։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նշում է, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունք ուղևորություններ կատարած օգտատերերը, որոնց երթի արժեքը կազմել է 1 դրամից ավել, կարող են դիմել Yandex Go-ի սպասարկման ծառայություն` փոխհատուցում ստանալու հնարավորությունը պարզելու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում