Արտաքին քաղաքականություն

Հարավային Կովկասն այսօր կանգնած է կարևոր խաչմերուկում. ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասն այսօր կանգնած է կարևոր խաչմերուկում. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասը, որը պատմականորեն եղել է մշակութային և խոշոր առևտրային ուղիների հատման կետում, այսօր կանգնած է կարևոր խաչմերուկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում են Արտաքին գործերի նախարարությունից՝ այս մասին ԱԳ նախարարը նշել է սեպտեմբերի 9-11-ն անցկացվելիք «Երևան երկխոսություն» համաժողովին ընդառաջ իր ուղերձում:

«Աշխարհն արագորեն փոխվում է մեր աչքի առաջ։ Գլոբալ հարաբերությունների փոփոխվող պատկերը, միջազգային իրավունքի քայքայումը, բազմակողմ համակարգի ճգնաժամը լուրջ մարտահրավերներ են ներկայացնում: Ժողովրդավարությունը բախվում է բարդությունների: Խաղաղության և անվտանգության ոլորտում համագործակցության նվազումը սպառնում է խարխլել համաշխարհային կարգի հիմքերը: Հիբրիդային սպառնալիքներն ու կլիմայի փոփոխությունն ազդում են մարդկանց ամենօրյա կյանքի վրա աշխարհի ավելի շատ անկյուններում:

Միևնույն ժամանակ մենք ականատես ենք լինում Ասիայի և Եվրոպայի միջև ավելի լավ փոխկապակցվածության և նոր ճանապարհների ապահովման փնտրտուքի, ինչպես նաև թվայնացման, նորարարության ոլորտներում տեխնոլոգիական նշանակալի առաջընթացի»,-ասել է Արարատ Միրզոյանը:

Նա ընդգծել է՝ բոլոր փոփոխությունները ցույց են տալիս, որ ամուր, համախոհ դերակատարների հետ և արժեքների վրա հիմնված գործընկերությունն ավելի էական է, քան երբևէ:

«Մեր տարածաշրջանը` Հարավային Կովկասը, որը պատմականորեն եղել է մշակութային և խոշոր առևտրային ուղիների հատման կետում, այսօր կանգնած է կարևոր խաչմերուկում: Այն բախվել է հսկայական ցնցումների, այդ թվում՝ այնպիսի զարգացումների, որոնք մեծապես ազդել են մարդկային կյանքի և տարածաշրջանի ընդհանուր տնտեսական զարգացման, դրա ներկայի և ապագայի վրա: Մենք այս պահին պատմական հանգրվանում ենք՝ ավելի խաղաղ, ապահով և բարեկեցիկ ապագայի ճիշտ ընտրություն կատարելու, ճիշտ ճանապարհով ընթանալու իրական հնարավորությամբ»,-նշել է նա:

ԱԳ նախարարը երկխոսությունն ու բաց քննարկումները վակուումը լրացնելու կարևոր նախապայման  և յուրահատուկ միջոց է համարել: Ըստ նրա՝ անցկացվելով առաջին անգամ՝ «Երևան երկխոսությունը» կապահովի կարևոր հարթակ՝ հնչեցնելու թիրախային ​​հարցեր, տարբերվող կարծիքներ ու համադրվող պատասխաններ, որոնելու կայուն լուծումներ: 

Այդ նպատակով հրավիրել են դիվանագիտության, քաղաքականության, գործարար, գիտության և մշակույթի ոլորտի առաջնորդների և փորձագետների ավելի քան 80 երկրներից և կազմակերպություններից: Միրզոյանը հավելել է՝ սպասում են բոլորի ակտիվ մասնակցությանն ու ներդրմանը՝ նպատակ ունենալով հասցեագրել մերօրյա հրատապ խնդիրները՝ «Ապագան կառուցելով այսօր»»:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում