Մերձավոր Արևելք

Բորելը հայտարարել է Իսրայելի կառավարության անդամների դեմ պատժամիջոցների նախապատրաստման մասին

2 րոպեի ընթերցում

Բորելը հայտարարել է Իսրայելի կառավարության անդամների դեմ պատժամիջոցների նախապատրաստման մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն կքննարկի Իսրայելի կառավարության անդամների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը Հորդանան գետի Արևմտյան ափի Ջիթ գյուղում պաղեստինցիների վրա իսրայելցի վերաբնակների հարձակումներից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում գրել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը: 

«Մենք դատապարտում ենք վերաբնակների հարձակումները Ջիթ գյուղում՝ ուղղված պաղեստինցի քաղաքացիական անձանց ահաբեկմանը, - գրել է Բորելը: - Ես հաստատում եմ իմ մտադրությունը՝ պատժամիջոցներ առաջարկել նրանց դեմ, ովքեր նպաստում են ագրեսիվ վերաբնակների գործողություններին, ներառյալ Իսրայելի կառավարության որոշ անդամների դեմ»:

Բորելն Իսրայելի կառավարությանը կոչ է արել դադարեցնել անընդունելի բռնությունը, որն «օրեցօր իրականացվում է գրեթե լիակատար անպատժելիության պայմաններում» և «վտանգի տակ դնում խաղաղության ջանքերը»։

Օգոստոսի 15-ի երեկոյան տասնյակ իսրայելցի վերաբնակներ հարձակում էին գործել Արևմտյան ափի Ջիթ գյուղի վրա, հրկիզել տներ և մեքենաներ, պաղեստինցիների վրա նետել քարեր, շշառումբեր։ Տեղի ունեցած հարձակումների ընթացքում զոհվել է 23-ամյա մի պաղեստինցի։

Բորելն ավելի վաղ հայտնել էր, որ ԵՄ-ն կքննարկի Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի և երկրի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը Գազայի բնակիչների մասին նրանց հայտարարությունների համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում