Հայաստան

Իրավակարգի կրողն ու առաջնային իրականացնողը քաղաքացին է․ վարչապետն անդրադարձել է քաղաքացիների մեկնաբանություններին

3 րոպեի ընթերցում

Իրավակարգի կրողն ու առաջնային իրականացնողը քաղաքացին է․ վարչապետն անդրադարձել է քաղաքացիների մեկնաբանություններին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկալմամբ՝ նախ հենց քաղաքացիները պետք է ապահովեն իրավակարգը, և սրանում է տոտալիտար և ժողովրդավարական հասարակության տարբերությունը․ ժողովրդավարությունն այն է, երբ իրավակարգի կրողը և առաջնային իրականացնողը քաղաքացին է, իսկ տոտալիտարիզմի տրամաբանությունն այն է, որ այդ գործն անում են առաջին հերթին ոստիկանությունը և պետական մարմինը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետն այս մասին խոսել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում՝ անդրադառնալով նախօրեին տարածած տեսանյութին, որում Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորել էր հոգատար լինել վերանորոգված փողոցների և մայթերի նկատմամբ։

Անդրադառնալով վերոնշյալ տեսանյութի վերաբերյալ քաղաքացիների կողմից կատարված մեկնաբանություններից մի քանիսին՝ վարչապետը նշել է․ «Մեկնաբանությունների հիմնական բովանդակությունը հետևյալն էր, որ մայթերի վրա մեքենաներով կանգառ անում են և մայթերի վրա շինարարական աշխատանքներ անում են ու մայթը գրավում են այն պատճառով, որ ոստիկանությունն իր պարտականությունը չի կատարում։ Ինչո՞ւ եմ անդրադառնում այս մեկնաբանություններին, որովհետև այստեղ հայեցակարգային լրջագույն խնդիր կա»։

Վարչապետը նշել է, որ նախօրեին իր կողմից տարածված տեսանյութի ամբողջ իմաստն ու նպատակը հենց այդ հայեցակարգի ընդգծումն է եղել։ 

«Այո, իհարկե, ոստիկանությունն իրավակարգի պահպանման գործում ունի շատ կարևոր դերակատարում, բայց եթե ուշադրություն եք դարձրել, ես մի փոքր հակադարձ տրամաբանություն էի դրել տեսանյութի մեջ, հակառակ դեպքում տեսանյութ հրապարակելն իմաստ չէր ունենա և պետք էր ուղղակի նորից հանձնարարական տալ կամ զբաղվել ոստիկանության գործունեության վերահսկմամբ», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի ընկալմամբ՝ նախ հենց քաղաքացիները պետք է ապահովեն իրավակարգը, և սրանում է տոտոալիտար և ժողովրդավարական հասարակության տարբերությունը։

«Ո՞ւմն է իրավակարգը պահելու առաջնային պարտավորությունը, հանձնառությունը կամ պատասխանատվությունը, իհարկե, առաջին հերթին՝ քաղաքացիներինը։ Այսինքն, քաղաքացին ինքն իր մայթը պետք  է ապահովի», - ընդգծել է վարչապետը՝ որպես օրինակ բերելով իրեն՝ որպես քաղաքացի։

Վարչապետի դիտարկմամբ՝ հենց քաղաքացին պետք է մայթի վրա կանգառ չանի, հենց քաղաքացին պետք է մայթի վրա ցեմենտ-ավազի շաղախ չանի, շինարարական աղբ չթափի։ 

«Հենց ես պետք է մայթի վրա կանգառ չանեմ, հենց ես պետք է մայթի վրա ցեմենտ-ավազի շաղախ չանեմ, շինարարական աղբ չթափեմ։ Երկրորդ շերտն իմ կողքիններն են, որպեսզի ես բարեկամաբար, ընկերաբար ձևավորեմ մի մթնոլորտ, որ դա տեղի չունենա։ Երրորդ, չորրորդ կետից է, որ պետք է իշխանության, վարչական և հարկադրանքի մարմինները սկսեն գործել։ Եվ սա ժողովրդավարության և տոտալիտարիզմի երկու բևեռների մասին խոսակցություն է», - շեշտել է վարչապետը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում