ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարզվել են Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ համերկրացիների կողմից ավազակություն և շորթում կատարելու, առանձին դաժանությամբ նրան ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից, նշելով, որ նախաքննությունն ավարտվել է:
«2024 թվականի հունիսի 26-ին ժամը 20:15-ին Երևանում բնակվող Հնդկաստանի Հանրապետության 43-ամյա քաղաքացին հաղորդում էր տվել՝ երկու համերկրացիների կողմից իրեն կապկպելու, ծեծի ենթարկելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու, հայհոյելու, սեռական ոտնձգություն և արժանապատվությունը նվաստացնող գործողություններ կատարելու, մերկ վիճակում տեսանկարահանելու և տեսանյութը հարազատներին ուղարկելու և գումար պահանջելու, իր մոտ առկա գումարը հափշտակելու և իրեն փակի տակ պահելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են տուժողի համերկրացիները:
Կատարված քննչական գործողություններով հիմնավորվել է, որ 43-ամյա տղամարդը, իր երկու ծանոթների հետ համատեղ ժամանակավորապես բնակվելով նույն կացարանում՝ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցում գտնվող հոսթելում, 2024 թվականի հունիսի 25-ին ժամը 24:00-05:00-ն ընկած ժամանակահատվածում, միասին ալկոհոլ են օգտագործել, որի ընթացքում կրոնական հարցի կապակցությամբ վիճաբանություն է առաջացել նրանց միջև:
Այդ ընթացքում անհանդուրժողականության, ինչպես նաև 43-ամյա տղամարդու մոտ եղած գումարին ապօրինի տիրանալու շարժառիթներով վերջինիս ծանոթները սկսել են ձեռքերով և կոտրված աթոռի մասով հարվածներ հասցնել 43-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին, հանել են նրա հագուստը և հայտնաբերելով 500 ԱՄՆ դոլար գումար՝ հափշտակել են այն, այնուհետև կապելով նրա ձեռքերն ու ոտքերը՝ կրակայրիչով և փայտով մարմնական վնասվածքներ են հասցրել՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք:
Չսահմանափակվելով վերջինիս ծեծի ենթարկելով և նվաստացնելով, շահադիտական դրդումներով, ազգականին գումարի պահանջ ներկայացնելու նպատակով, նրան տևական ժամանակ ապօրինի զրկել են ազատությունից՝ անտեսելով 43-ամյա տղամարդու՝ իրեն ազատ արձակելու խնդրանքները, այնուհետև զանգահարել են վերջինիս ազգականին և նրան ազատ արձակելու պայմանով՝ պահանջել 500 ԱՄՆ դոլար գումար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել: Որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: