ՀՀ ՄԻՊ-ը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Տավուշի մարզ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը օգոստոսի 5-ին համատեղ այց են իրականացրել Տավուշի մարզ: Այցին մասնակցել են նաև Պաշտպանի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն Իջևանում հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ: Վերջինս ներկայացրել է մարզում առկա խնդիրները, ինչպես նաև առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: 

Անդրադարձ է կատարվել կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող խնդիներին, կանանց զբաղվածությանը, բնապահպանական իրավունքներին, բռնի տեղահանված անձանց իրավունքների հարցերին: Քննարկվել են նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր: Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ը Պաշտպանի հաստատության կարևոր գործընկերներից է, լուրջ դերակատարություն ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման տեսանկյունից: 

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով Տավուշի մարզում հնարավոր կլինի շարունակաբար իրականացնել տարատեսակ ծրագրեր: Ֆրանսուազ Ժակոբը ևս կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությունը և ընդգծել մարզերում իրականացվող համատեղ ծրագրերի կարևորությունը: 

Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, հանդիպում ունեցել տարբեր հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչների և շահառուների հետ: Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբը հանդես են եկել ողջույնի խոսքով: Իր խոսքում Պաշտպանը նշել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կանանց իրավունքները ծավալուն և հետաքրքիր մեթոդաբանությամբ են քննարկման առարկա դարձվում, և դրանց հիմնական առանցքը կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը երաշխավորելն է, գոյություն ունեցող կարծրատիպերը հաղթահարելը, կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում ձևավորելն ու հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժը խթանելն է: 

«Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ Միևնույն ժամանակ, եթե ընտրել եք ինչ-որ ճանապարհ թե՛ ձեր, թե՛ մարդկանց կյանքում փոփոխություններ կատարելու համար, երբեք չընկճվեք այս բոլոր մարտահրավերներից: Մենք ինքներս պետք է լինենք այն փոփոխությունների հեղինակը, որ ուզում ենք մեր միջավայրում տեսնել, իսկ մեր կյանքի որակը պետք է որոշենք` մեր իսկ կատարած ընտրությունների և ընդունած որոշումների արդյունքում»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Նշվում է, որ քննարկման ընթացքում, ի թվս այլնի, բարձրաձայնվել են խնդիրներ` կապված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ անձնական օգնականի ծառայությունների տրամադրման, ֆիզիկական միջավայրի մատչելիության, համայնքահեն ծառայությունների հասանելիության, մատչելիության ապահովման և մի շարք այլ հարցերի հետ: 

«Բոլորս էլ ունենք բազմաթիվ առանձնահատկություններ։ Դրա հետ մեկտեղ ապրում ենք միևնույն միջավայրում և ամեն օր բախվում տարբեր թվացող, բայց համանման խնդիրների: Կարևոր է, որպեսզի այնպիսի միջավայր ձևավորենք, որի շրջանակներում մեր առանձնահատկությունները կդառնան հանրային համերաշխության հիմք։ Առանցքային է, որպեսզի համատեղ ջանքեր գործադրվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի և մատչելի միջավայր ստեղծելու ուղղությամբ», - ընդգծել է Անահիտ Մանասյանը: 

Տավուշյան այցի ավարտին Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական  բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին։ Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են տարածքով, ծանոթացել երեխաների խնամքի կազմակերպմանը, իրավունքների ապահովման վիճակին, առանձնազրույցներ ունեցել երեխաների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը: 

Այց է իրականացվել նաև խնամատար ընտանիք, ուսումնասիրվել են երեխաների խնամքի տրամադրման պայմանները: 

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացմամբ՝ Պաշտպանը հանձնառու է ներդնելու իր մանդատին վերաբերելի ամբողջ գործիքակազմը` այցի ընթացքում արձանագրված խնդիրները լուծելու նպատակով։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ