ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանտարկյալների փոխանակման շրջանակներում լրտեսության համար ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ նախկին ծովային Փոլ Ուիլանը և Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը հեռանում են Ռուսաստանից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Պետական դավաճանության համար դատապարտված հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզան, ըստ Bloomberg-ի, նույնպես գտնվում է փոխանակվող բանտարկյալների ցանկում։
Ավելի վաղ CBS News-ը հաղորդել էր, որ բացի Գերշկովիչից և Ուիլանից, ԱՄՆ-ին կվերադարձվի նաև ռուս-ամերիկացի ռադիոլրագրող Ալսու Կուրմաշևան։
Որպես գործարքի մաս՝ Գերմանիային կվերադարձվի Ռուսաստանում բանտարկված առնվազն 12 քաղբանտարկյալ։ 8 ռուսաստանցի կվերադառնա ՌԴ, որոնցից մեկը Վադիմ Կրասիկովն է, որը Գերմանիայում դատապարտված է ցմահ ազատազրկման ծագումով չեչեն Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար։
Ընդհանուր առմամբ, կփոխանակվի 24 անձ։
Ըստ «Իզվեստիյա» պարբերականի՝ բանտարկյալների փոխանակումը կկատարվի հինգ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Բելառուսի, Գերմանիայի և Սլովենիայի միջև։ Ակնկալվում է, որ Սլովենիան ՌԴ-ին կվերադարձնի Արտյոմ և Աննա Դուլցևներին, որոնք դատապարտված էին լրտեսության գործով։
Նշվում է, որ լրտեսության համար դատապարտված գերմանացի Ռիկո Կրիգերը, որը Բելառուսում դատապարտված էր մահապատժի, և որին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում էր շնորհել, նույնպես կարող է մասնակցել փոխանակմանը։