Եվրոպա

Բեռլինում գործադուլ են սկսել հասարակական տրանսպորտի աշխատողները

2 րոպեի ընթերցում

Բեռլինում գործադուլ են սկսել հասարակական տրանսպորտի աշխատողները

Բեռլինում սկսվել է Ver.di արհմիության մեկօրյա նախազգուշական գործադուլը, որի հետևանքով լրջորեն սահմանափակվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը։ Ժամանակավորապես դադարեցվել է մետրոպոլիտենի գնացքների, տրամվայների և ավտոբուսների մեծ մասի երթևեկությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Ver.di-ի բանակցողի խոսքով՝ աշխատակիցներն աշխատանքը դադարեցրել են հունվարի 27-ին ժամը 03:00-ից:

Գործադուլը չի վերաբերել տարածաշրջանային գնացքներին և քաղաքամերձ բնակավայրերի էլեկտրագնացքներին:

Գործադուլի պատճառը Ver.di-ի և Berliner Verkehrsbetriebe-ի (BVG) միջև վեճն է աշխատավարձերի բարձրացման շուրջ։ Արհմիությունը 16 000 աշխատակցի համար պահանջում է 750 եվրոյի չափով ամսական հավելում։ Քանի որ ընկերությունը բանակցությունների առաջին փուլի ընթացքում կոնկրետ առաջարկություններ չի հրապարակել, Ver.di-ն մեղադրել է BVG-ին քաշքշուկների մեջ։

Berliner Verkehrsbetriebe-ում, ընդհանուր առմամբ, նպատակահարմար են համարում աշխատավարձի բարձրացումը, սակայն մերժել են արհմիության կոնկրետ պահանջները՝ որպես ֆինանսապես անիրատեսական:

Գերմանիայում գնացքների մեքենավարները և օդանավակայանների անձնակազմը հաճախ են գործադուլ անում՝ ձգտելով հասնել աշխատանքային պայմանների բարելավման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում