Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը հունվարի 28-ին հայտարարել է իր հրաժարականի մասին՝ զանգվածային բողոքի ցույցերի և հանրային ճնշման հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում է սերբական Tanjug գործակալությունը։ Նշվում է, որ Վուչևիչը ավելի ուշ հանդես կգա ասուլիսով։
Բողոքի ցույցերը սկիզբ են առել 2024 թվականի նոյեմբերին, երբ Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի բետոնե հովանոցի փլուզման հետևանքով զոհվեց 15 մարդ։ Այս միջադեպը լայն հանրային դժգոհություն առաջացրեց՝ դառնալով զանգվածային բողոքի հիմք։ Հունվարի 24-ին երկրում կազմակերպվեց համընդհանուր գործադուլ, իսկ հունվարի 26-ին Բելգրադի բնակիչները դուրս եկան պատուհաններից և զանազան իրերով սկսեցին թակել կաթսաները՝ ի նշան բողոքի։
Հունվարի 27-ին ցուցարարները արգելափակեցին Բելգրադի խոշորագույն տրանսպորտային հանգույցը՝ Ավտոկոմանդան, ընդլայնելով բողոքի ակցիաները Սերբիայի գրեթե բոլոր քաղաքներում։
Բողոքի ցույցերին միացան տարբեր սոցիալական խմբեր, ներառյալ ուսանողները, պրոֆեսորները և ճանաչված մարդիկ, ինչպիսիք են թենիսիստ Նովակ Ջոկովիչը և ռեժիսոր Էմիր Կուստուրիցան։