ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռը և ռազմական ուղղաթիռը բախվել են օդում և ընկել գետը. կան բազմաթիվ զոհեր
2 րոպեի ընթերցում
American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռն օդում բախվել են և ընկել Պոտոմակ գետը։ Ուղևորատար ինքնաթիռում եղել է 64 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Washington Post-ի աղբյուրները հայտնել են, որ ջրից բազմաթիվ մարմիններ են դուրս բերվել, առայժմ ոչ մի ողջ մնացածի չեն գտել։
Բախումը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգում՝ Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանից ոչ հեռու, որը գտնվում է մայրաքաղաք Վաշինգտոնից 8 կմ հեռավորության վրա։
Ուղևորատար ինքնաթիռը դեպի Ռեյգանի անվան օդանավակայան չվերթ էր իրականացնում Կանզասի Վիչիտա քաղաքից: Ռազմական ուղղաթիռը ուսումնական թռիչքի էր դուրս եկել Վիրջինիայի Ֆորտ Բելվուարի ռազմակայանից։
American Airlines-ը հաստատել է, որ ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ ուղղաթիռում եղել է 3 զինվոր։
Ոստիկանությունը հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են բազմաթիվ վարչությունների աշխատակիցներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն հայտնել են «սարսափելի վթարի մասին, որը տեղի է ունեցել Ռեյգանի անվան ազգային օդանավակայանի մոտ»։ Նա նշել է, որ հետևում է իրավիճակին և մանրամասների ի հայտ գալու դեպքում կհայտնի դրանց մասին։