Coca-Cola ընկերությունը հայտարարել է Եվրոպայի որոշ երկրներից իր ըմպելիքների հետկանչման մասին՝ մեծ քանակությամբ քլորատ քիմիական նյութի հայտմաբերման պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։
Ընկերությունը հայտնել է, որ հետ է կանչում իր արտադրանքը Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Նիդեռլանդների վաճառասեղաններից:
Ըստ Coca-Cola-ի ներկայացուցչի՝ Մեծ Բրիտանիա է մատակարարվել այդ խմբաքանակի հինգ անուն արտադրանք, սակայն դրանք արդեն սպառվել են։ Ընկերությունը հավաստիացնում է, որ անկախ փորձագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպառողների համար ռիսկը չափազանց փոքր է։
«Անկախ փորձագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ սպառողների համար ռիսկը շատ փոքր է»,- նշել է ընկերության ներկայացուցիչը:
Coca-Cola-ն հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում սպառողներից ոչ մի բողոք չի ստացել եւ այդ կապակցությամբ կշարունակի համագործակցել երկրի իշխանությունների հետ:
Քլորատը կարող է առաջանալ ջրի մշակման և սննդի արդյունաբերության մեջ քլորի վրա հիմնված ախտահանիչների օգտագործման հետևանքով։ Սակայն դրա բարձր մակարդակի ազդեցությունը կարող է առողջության համար ռիսկային լինել՝ առաջացնելով վահանաձև գեղձի խնդիրներ, հատկապես երեխաների և նորածինների մոտ։