Միացյալ Նահանգներ

Nvidia-ն մեկ օրում 600 մլրդ դոլարով էժանացել է ChatGPT-ի չինական մրցակից DeepSeek ստարտափի հաջողության պատճառով

2 րոպեի ընթերցում

Nvidia-ն մեկ օրում 600 մլրդ դոլարով էժանացել է ChatGPT-ի չինական մրցակից DeepSeek ստարտափի հաջողության պատճառով

Ամերիկյան չիպեր արտադրող Nvidia ընկերության բաժնետոմսերը հունվարի 27-ին արձանագրել են պատմական անկում՝ կորցնելով իրենց արժեքի մոտ 18 տոկոսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով CBS-ը, ընկերության շուկայական կապիտալիզացիան նվազել է ավելի քան 600 միլիարդ դոլարով՝ դառնալով ամենախոշոր արժեքային անկումը պատմության մեջ ընկերության համար:

Nvidia-ի բաժնետոմսերի արժեզրկման հիմնական պատճառը դարձել է չինական DeepSeek ստարտափի կողմից մշակված արհեստական ինտելեկտի նոր մոդելը։ Այս նորարարական լուծումը, որը կարողանում է աշխատել շատ ավելի էժան միկրոչիպերի վրա, մեծ հաջողությամբ տեղ գտավ App Store-ի հիթ-շքերթների գագաթում՝ հանգստյան օրերին։

DeepSeek-ի մշակողները հայտարարել են, որ իրենց արհեստական ինտելեկտի համար ծախսվել է ընդամենը 6 մլն դոլար, ինչը շատ ավելի քիչ է, քան նմանատիպ նախագծերի համար ներդրված միլիարդավոր դոլարները, օրինակ՝ Google-ի կամ Microsoft-ի կողմից։ Մոդելի արդյունավետությունը և ավելի քիչ ռեսուրսներ պահանջելու հանգամանքը հիմք են տվել ներդրողներին կասկածել, թե արդյոք Nvidia-ի և նմանատիպ ընկերությունների կողմից հզոր միկրոչիպերի ստեղծման համար կատարված հսկայական ներդրումները արդարացված են։

Բացի այդ, Nasdaq տեխնոլոգիական ցուցանիշը օրվա ընթացքում նվազել է 3.5 տոկոսով, իսկ այլ տեխնոլոգիական հսկաներ նույնպես կորցրել են իրենց շուկայական արժեքը։

Nvidia-ի բաժնետոմսերի նմանատիպ խոշոր անկում արձանագրվել էր նաև նախորդ տարվա սեպտեմբերին, երբ ընկերության շուկայական արժեքը կրճատվեց 280 միլիարդ դոլարով՝ ներդրողների շրջանում արհեստական ինտելեկտի ապագայի վերաբերյալ ծագած մտահոգությունների պատճառով։ Այնուամենայնիվ, այդ կորուստները վերականգնվեցին մեկ ամսվա ընթացքում։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում