Տնտեսություն

Հայաստանի գործարարներն արտոնյալ պայմաններով մուտք կգործեն չինական շուկա

3 րոպեի ընթերցում

Հայաստանի գործարարներն արտոնյալ պայմաններով մուտք կգործեն չինական շուկա

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի գործարարները հնարավորություն կունենան իրենց ծառայություններն ու արտադրանքն արտոնյալ պայմաններով արտահանել Չինաստան։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը տևական ժամանակ է՝ աշխատանք է տանում Չինաստանի գործընկերների հետ, ու արդեն արդյունքները տեսանելի են։ 

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը, ով նոր է վերադարձել Չինաստանից, «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ չինական կողմի հետ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, կնքվել են համաձայնագրեր։ 

«Մեր պատվիրակությունը երկու շաբաթ Չինաստանում էր։ Այնտեղ էինք գտնվում Հայաստանում Չինաստանի դեսպանատան,  Չինաստանի միջազգային առևտրի խթանման խորհրդի (CCPIT) հրավերով։ Հայաստանից բացի, հանդիպմանը մասնակցում էին աշխարհի 15 երկրից ժամանած պատվիրակություններ, գերատեսչություններ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ, մասնակցում էր 230 պատվիրակություն։ Այցելեցինք Նինբո, Չանչուն քաղաքներ, տեղի պետական կառույցների հետ կնքեցինք 3 համաձայնագիր, ինչի շրջանակում չինական կողմն արտոնյալ պայմաններ է տրամադրելու Հայաստանի տնտեսվարողներին»,-ասաց Մարիամ Մանուկյանը։

Համաձայնագրերով նախատեսված է, որ հեշտացվելու է Հայաստանի տնտեսվարողների մուտքը Չինաստան, աջակցություն է տրամադրվելու տեղում շուկա գտնելու համար։ Մարիամ Մանուկյանը նշեց, որ երկշաբաթյա այցի ընթացքում Հայաստանի պատվիրակության կազմում գտնվող ընկերությունները, որոնք ներկայացնում էին էլեկտրասարքավորումների, առողջապահության, գինեգործության ոլորտները, տեղում նոր կապեր հաստատելու հնարավորություն ունեցան։ Գինեգործական ընկերությունը նույնիսկ համագործակցության մի քանի առաջարկներ ստացավ։ 

«Այս այցելության կարևոր ձեռքբերումներից է նաև այն, որ առաջակ ստացանք մասնակցելու խոշոր ցուցահանդեսներից մեկին՝ China international supply chain expo-ին՝ անվճար տաղավար ունենալու հնարավորությամբ։ Նաև արտոնություններ ստացանք «Շանհայ էքսպո» ցուցահանդեսին մասնակցելու համար։ Այն տեղի է ունենալու նոյեմբերի 5-10 -ը և մենք շատ ակտիվ աշխատելու ենք մեր բիզնես ոլորտին ներկայացնելու համար։ Ասեմ, որ մենք մասնակիորեն փոխհատուցում ենք այդ ցուցահանդեսի մասնակցության ծախսը։ Աջակցում ենք բոլոր ուղղություններով՝ ապրանքի արտահանում, պահեստավորում, մաքսազերծում և այլն»,-ասաց Մարիամ Մանուկյանը։ 

Արտոնյալ պայմաններով չինական շուկա մուտք գործելու հնարավորություն ստանալու համար Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդն առաջիկայում լայնածավալ իրազեկման աշխատանքներ է իրականացնելու Հայաստանի գործարարների շրջանում։ Սեպտեմբերին էլ սպասվում է չինական պատվիրակության այց Հայաստան՝ սեմինարներ, դասընթացներ կազմակերպելու նպատակով: Դա կօգնի հեշտությամբ կապեր հաստատել չինական ներդրողների, մատակարար ընկերությունների հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում