Ֆրանսիայում շոգի պատճառով վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել
1 րոպեի ընթերցում
![Ֆրանսիայում շոգի պատճառով վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/29/4ZhAd8w25Kvh6tsFZaN2Iwi21FHu5vQAorvixsY0.webp)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում է ավելի քան 40 աստիճան տաքություն։ Երկրի 39 դեպարտամենտներում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել տապի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հրապարակել է Météo-France օդերևութաբանական ծառայության լրատվական հարթակը։
Ակնկալվում է, որ տապը կընդգրկի Իլ դը Ֆրանս շրջանը, որտեղ գտնվում են օլիմպիական օբյեկտները:
Ինչպես AFP-ին հայտնել է ծառայության փորձագետ Տրիստան Ամը, Օլիմպիական խաղերի անցկացման շրջաններում շոգն իր առավելագույն մակարդակին կհասնի հուլիսի 30-ին, ջերմաստիճանը կլինի մոտ 34-35 աստիճան: Այդ առնչությամբ կազմակերպիչները դիտարկում են մարաթոնի և եռամարտի հետաձգման հնարավորությունը՝ կեսօրվա շոգից խուսափելու համար, քանի որ հանդիսականների կհամար տրիբունաների մեծ մասը ստվերածածկ չէ:
1989 թվականից ի վեր Ֆրանսիայում միջինը մեկ տապի ալիք է գրանցվել յուրաքանչյուր հինգ տարին մեկ, սակայն 2000 թվականից ի վեր անոմալ շոգ արձանագրվում է ամեն տարի: Ֆրանսիացի կլիմայագետ Մատյո Սորելը Le Monde թերթին տված մեկնաբանությունում ընդգծել է, որ առաջիկա 30 տարում նման ալիքների հաճախականությունը կկրկնապատկվի: