Աշխարհ

Ֆրանսիայում գնացքների աշխատանքը «համակարգված սաբոտաժի» է ենթարկվել Օլիմպիական խաղերի բացումից առաջ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում գնացքների աշխատանքը «համակարգված սաբոտաժի» է ենթարկվել Օլիմպիական խաղերի բացումից առաջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից ժամեր առաջ Ֆրանսիայի արագընթաց երկաթուղային ցանցը կաթվածահար է եղել «չարամիտ գործողությունների» պատճառով, որոնք ներառել են նաև հրկիզումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

SNCF գնացքների օպերատորը AFP գործակալությանը հայտնել է, որ հարձակումները եղել են «սաբոտաժի համակարգված գործողություններ»։

«Սա լայնամասշտաբ զանգվածային հարձակում է արագընթաց գնացքների ցանցի վրա։ SNCF-ը գիշերը դարձել է միաժամանակ իրականացված մի քանի չարամիտ գործողությունների զոհը», - ասել է Ֆրանսիայի գնացքների ազգային օպերատորը՝ հավելելով, որ հարձակումներն ազդել են Ատլանտյան, հյուսիսային և արևելյան երկաթգծերի վրա։

Ընկերությունը նշել է, որ օբյեկտները վնասելու համար իրականացվել են հրկիզումներ, որոնք մեծապես խաթարել են երկաթգծի աշխատանքը։ Այս իրավիճակը կշարունակվի նաև շաբաթ և կիրակի օրերին, մինչ կատարվում են վերանորոգման աշխատանքներ։ 

SNCF-ն ուղևորներին կոչ է արել հետաձգել իրենց ուղևորությունները և հեռու մնալ գնացքի կայարաններից։ Հարձակումներն ազդել են մոտ 800 000 ուղևորի վրա։ 

Իր հերթին, Eurostar երկաթգծային ընկերությունը հայտարարել է, որ Լոնդոն-Փարիզ երթուղով գնացքների ուղևորությունը ևս խաթարվել է վանդալիզմի գործողությունների պատճառով, որոնք հանգեցրել են չեղարկումների և ուղևորության ժամանակի երկարաձգման։ 

Հարձակումները սկսվել են Փարիզում Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունից առաջ, որին ակնկալվում է 300 000 հանդիսականի մասնակցություն՝ խիստ հսկողության պայմաններում։ 

Հուլիսի 26-ի երեկոյան 7500 մարզիկ 85 նավակով շքերթով 6 կմ կնավարկի Սեն գետով։ Այսպիսով, Ամառային օլիմպիական խաղերի բացումն առաջին անգամ տեղի կունենա մարզադահլիճի տարածքից դուրս։

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում